Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին
07.05.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին։ Գյումրու բաժնի պետ, գնդապետ Մանվել Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել և ծանոթացել բաժնի աշխատանքների ընթացքին, աշխատակիցներին շնորհավորել Ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։
Բարձր գնահատելով ռազմական ոստիկանության դերը՝ Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին անձնուրաց ծառայության համար․ «Անցած 33 տարիների ընթացքում ռազմական ոստիկանությունը հասցրել է ցույց տալ բարեխիղճ աշխատանք ու նվիրվածություն, իսկ 44-օրյա պատերազմում էլ՝ հայրենասիրություն ու աննկուն կամք։ Անչափ կարևոր է ձեր դերը զինված ուժերում կարգապահության, օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում: Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն»։
Ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին վերաբերմունքի և գնահատանքի խոսքերի համար՝ նշելով, որ ուշադրությունն առավել պարտավորեցնող է։
Դավիթ Առուշանյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձի, հայրենանվեր ու անձնուրաց ծառայության համար՝ պատվոգրով է պարգևատրել ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետին և մի շարք աշխատակիցների։