Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է գորգագործության կենտրոն ու 14 բնակարանով 7 առանձնատուն կառուցել

07.05.2025

 «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է գորգագործության կենտրոն ու 14 բնակարանով 7 առանձնատուն կառուցել, հաջորդիվ էլ՝ 30-35 բնակարան անօթևանների համար
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնադրամի առաջիկա անելիքներին, մասնավորապես, Արցախի մշակութային ժառանգության գորգագործության կենտրոն կառուցելուն վերաբերող հարցեր։ Գորգագործության կենտրոնից զատ, նախատեսվում է 7 եռահարկ առանձնատների կառուցում 14 գորգագործ ընտանիքների համար։ Նախագծի նպատակը գորգագործության ավանդույթների պահպանումն ու արհեստի հանրահռչակումն է։
«Ուրախ եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս և այն ուղղված է հայկական մշակութային ժառանգության պահպանության ու նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի ու բնակարանային խնդրի լուծմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում ձեր գործունեությունը Շիրակում թե անօթևանության խնդրի լուծման, թե այժմ ներդրումային հնարավորությունների ստեղծման առումով։ Կարծում եմ՝ գորգագործության կենտրոնի գործունեությունը կենթադրի զբոսաշրջության զարգացում ու նոր ենթակառուցվածքների ստեղծում»,- նշել է Շիրակի մարզպետը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը մարզպետին տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 4 մլն դոլար, գորգագործության կենտրոնում գյումրեցի կանայք ևս կկարողանան ներգրավվածություն ունենալ, իսկ առանձնատների առաջին հարկերում արցախյան գորգերի արտադրամաս-ցուցասրահի և գորգերի ցուցասրահ-սրճարանի հիմնում է նախատեսվում, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան գնել հավանած գորգերը:
Հիմնադրամի հաջորդ ծրագիրը գորգագործության կենտրոնի կառուցումից հետո, լինելու է 30-35 բնակարանների կառուցումը անօթևան կարիքավոր ընտանիքների համար՝ ընդհանուր 3-3․5 մլն դոլարի շրջանակներում։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջին մի քանի տարիներին Գյումրիում չորս բնակելի շենք է կառուցել՝ 86 բնակարանով և 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ։ Հիմնական շահառուները տնակներում ապրող ու պետության կողմից փոխհատուցում չստացած բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներն են եղել։ Մինչ «Մուշ-2»-ի ծրագիրը Գյումրիում հիմնադրամը կառուցել է 50 շենք՝ 500 ընտանիքի համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42