Նորություններ
Աշխատանքային այցի շրջանակներում Անիում դիտարկվել են համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը
13.05.2025
Աշխատանքային այցի շրջանակներում Անիում դիտարկվել են համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով Անիում ընթացքի մեջ է «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» ծրագիրը։
Սարակապում, Հայկաձորում և այնուհետև Մարալիկում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն ու Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել են աշխատանքների ընթացքին։
Շինարարի հետ զրույցում մարզպետն անդրադարձել է արձանագրված թերացումներին և ընդգծել դրանց անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով պատասխանատուներին լինել հետևողական այս հարցում։
Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 656 մլն 733 հազար 681 դրամ, որից Կառավարության համամասնությունը 295 մլն 530 հազար 156 դրամ է։
«Թե պետբյուջեից, թե համայնքային բյուջեից բավական միջոցներ են ուղղվել այս ծրագրերի իրականացման նպատակին, այս միջոցները պետք է նպատակային ծախսվեն, որևէ թերացում չպետք է լինի։ Շիրակի մարզպետի աշխատակազմում ունենք ձևավորված աշխատանքային խումբ, որը պարբերաբար շինհրապարակներում է լինում, վերահսկում է շինարարական գործընթացները։ Ուզում եմ շեշտել, որ կապ չունի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ է շինարարությունն իրականացվում, թե այլ կառույցների՝ իմ հոգածության ներքո է։ Ես մարզպետ նշանակված առաջին իսկ օրվանից ասել եմ, որ Շիրակի մարզի յուրաքանչյուր բնակչի համար պատասխանատու եմ և բոլոր այն շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են մարզում՝ իմ անմիջական հսկողության տակ են լինելու։ Մենք հետևելու ենք ցանկացած գործընթացի, որպեսզի աշխատանքները լինեն որակով և ժամկետների մեջ»,- շինարարի և համայնքային պատասխանատուների հետ զրույցում նշել է Դավիթ Առուշանյանը։
Արդյունքում կասֆալտապատվի 5,3 կմ ճանապարհահատված, որից Սարակապ բնակավայրում 1,3 կմ՝ 139 մլն 900 հազար դրամի շրջանակներում, Սառնաղբյուր բնակավայրում 1,5 կմ՝ 120 մլն 377 հազար դրամ, Հայկաձոր բնակավայրում 1,5 կմ ճանապարհ՝ 141 մլն 914 հազար դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվելու է Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի 1028 մետր ճանապարհը։
«Խնդիրն այն է, որ մենք շինարարի համար էլ չենք ուզում խոչընդոտներ առաջացնել, ավարտական փուլին հասնելուց հետո միայն պարզ դառնա, որ թերացում կա, մենք ուզում ենք ի սկզբանե համատեղ ջանքերով և խիստ վերահսկողությամբ առաջ գնանք, որպեսզի ամեն ինչ որակով լինի, քանի որ հետո խնդիրները վերացնելը շատ ավելի բարդ է լինելու և քաղաքացիների համար նորից քանդված ճանապարհներով անցնելը երկրորդ, երրորդ անգամ շատ ավելի բարդ է և ժամանակատար, ֆինանսական խնդիրների առաջ է կանգնեցնելու և շինարարին և մեզ։ Մենք ուզում ենք համատեղ ջանքերով ստանալ որակյալ շինարարություն», -հավելել է Շիրակի մարզպետը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը դիտարկել են նաև այն բազմաբնակարան շենքերի տանիքները, որոնք վերանորոգվել են 2024 թվականին՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր գումարը կազմել է 65 մլն 523 հազար դրամ, գումարի 40 տոկոսը Կառավարության համամասնությունն է։
Ծրագրի արդյունքում վերանորոգվել է 3310 քառակուսի մետր մակերեսով տանիք, շահառուները՝ 912 բնակիչ, 180 բնակարաններ։ Այս աշխատանքներում ևս վերահսկողություն իրականացնող աշխատանքային խումբը թերացումներ է արձանագրել, խոսքը ցինկապատ պրոֆիլավոր թիթեղի ամրացման հանգույցների, տանիքի պրոֆիլավոր թիթեղի ամրացման և ջրատար խողովակների անցկացման մեջ եղած բացթողումների մասին է։ Դավիթ Առուշանյանը հանձնարարել է հստակ ժամկետներում և առանց ձգձգելու արձանագրված թերությունները վերացնել։
Դիտարկվել է նաև 2023 թվականին «Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրով ձեռքբերված տեխնիկան, ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 76 մլն 590 հազար դրամ, Կառավարությունը տրամադրել է գումարի 60 տոկոսը։ Ձեռք է բերվել 1 էքսկավատոր-բեռնիչ և 1 աղբատար մեքենա։
Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետը եղել է Լուսաղբյուր բնակավայրում, որտեղ անհետաձգելի ծրագրով՝ պետական բյուջեից տրամադրված միջոցներով, նորոգվել է ջրի ներքին ցանցը, այնուհետև պատասխանատուները ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված աշխատանքներին են հետևել։ Հաղթանակ փողոցի սալարկման աշխատանքներում պատասխանատուները թերացումներ են արձանագրել և տրվել է հանձնարարություն դրանք անհապաղ վերացնել։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ տարի նշված փողոցների և հրապարակի նորոգման աշխատանքների իրականացման նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել էր 209 մլն 597 հազար դրամ: