Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սկսել է համայնքային այցելությունները

13.05.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սկսել է համայնքային այցելությունները, որոնց մեկնարկը տրվել է Անի համայնքից։
Պատասխանատուները դիտարկել են Անիի տարբեր բնակավայրերում պետբյուջի միջոցներով, սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքը:
Մարզպետի գլխավորությամբ աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի առաջին կանգառը եղել է Շիրակավան բնակավայրում, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են «Շիրակավանի միջնակարգ դպրոցի» կառուցման աշխատանքները։
Մարզպետը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի հետ զրույցում կարևորել դրանց որակով և ժամանակին իրականացումը։
«Անհրաժեշտ է, որ մենք ի սկզբանե վերահսկողություն իրականացնենք, որպեսզի ստանանք որակով դպրոցներ, մանկապարտեզներ, ճանաարհներ հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Անչափ կարևորում ենք Շիրակավանի դպրոցի կառուցման աշխատանքները, քանի որ սահմանամերձ բնակավայրում է գտնվում։ Նշեմ, որ այդ դպրոցը նաև կլաստերային համակարգում է ընդգրկված։ Շիրակավանում 3 գյուղի համար է դպրոց կառուցվում՝ շուրջ 300 երեխայի համար։ Դպրոցն ամբողջությամբ նոր է լինելու, նոր գույքով համալրված, նոր տեխնիկայով և անորակ շինարարությունն այստեղ բացառվելու է, ընդհանրապես Շիրակի մարզում որևիցե տեղ չի ընդունվելու անորակ շինարարություն»,-լրագրողների հետ զրույցում նշել է Դավիթ Առուշանյանը։
Նշենք, որ Շիրակավանի կրթահամալիրի ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 995 մլն 600 հազար դրամ է կազմում: Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թվականին: 2024-ին իրականացվել են շուրջ 98 մլն 970 հազար դրամի աշխատանքներ: ՀՀ պետական բյուջեով 2025-ին նախատեսվել է 515 մլն 778 հազար դրամ:
Պատասխանատուներն այնուհետև հետևել են Անի համայնքի «Ջրափիի միջնակարգ դպրոցի» կառուցման աշխատանքների ընթացքին։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 16 մլն դրամ։ 2024-ին իրականացվել են 98 մլն 970 հազար դրամի աշխատանքներ: 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 521 մլն 898 հազար դրամ: Ջրափիի կրթահամալիրը կմիավորի 6 բնակավայրի դպրոցներ, այն ևս կլաստերային է։
Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ պետական մոտեցումը՝ անել հնարավորը դպրոցական պայմանների բարելավման, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի անխոչընդոտ ու առանց թերացումների իրականացման առումով՝ չի փոխվել․ «Անկախ օրենքով սահմանված լիազորություններից, բարոյական լիազորություն ու պարտավորություն բոլորս ունենք մեր համայնքում, մեր բնակավայրում արված շինարարական աշխատանքներին հետևելու առումով։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, որ որևէ հարց առաջանալու դեպքում անմիջապես կապվեք Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ, վստահեցնում եմ՝ կարվի հնարավորը խնդիրները վերացնելու համար, որպեսզի մեր երեխաները սովորեն բարեկեցիկ պայմաններում։ Ես ձեր թիկունքին կանգնած եմ բոլոր խնդիրները լուծելիս, միայն մնում է ամեն պատասխանատու իր աշխատանքը կատարի պատշաճ, առանց հապաղելու, առանց թերացումների»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:44:29