Նորություններ
Չնախատեսված, սակայն ջերմ ու անմիջական հանդիպում «Գյումրու տնտեսագիտական վարժարանի» սաների հետ
14.05.2025
Չնախատեսված, սակայն ջերմ ու անմիջական հանդիպում «Գյումրու տնտեսագիտական վարժարանի» սաների հետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի հետ այսօր հանդիպել է «Գյումրու տնտեսագիտական վարժարանի» սաներին, ովքեր մարզպետի աշխատակազմ էին այցելել՝ առաջարկով պատասխանատուներից որևէ մեկի հետ հանդիպելու իրենց մասնակցած ծրագրի շրջանակներում։
Աշխատակազմում դպրոցականներին հանդիպելով՝ մարզպետը նշել է, որ ուրախությամբ է հյուրընկալում նրանց, չնայած որ նախապես չեն պայմանավորվել, քանզի բարձր է գնահատում նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը։
Դպրոցականներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները մարզպետին ներկայացրել են, որ իրենց դպրոցն ընդգրվել է քաղաքացիական կրթության դասընթացներում՝ «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությամբ։
☑Մարզպետը լսել է դպրոցականներին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, իմացել, որ աշակերտների մասնակցությամբ իրականացվել են երեք փուլից բաղկացած դասընթացներ, երրորդ փուլում կազմակերպվել է սիմուլյացիոն խաղ, որի նպատակն է եղել աշակերտների կողմից համայնքային կառավարման գործընթացի մոդելավորումը։ Խաղի ընթացքում բարձրացվել է համայնքային տրանսպորտի խնդիրն ու դրա լուծմանն ուղղված քայլերը։
«Ինքս երեխաների հետ շփվելն աշխատանք չեմ համարում, այլ ամենահաճելի հանդիպումներից է հիմա։ Ուրախ եմ, որ «Գյումրու տնտեսագիտական վարժարանը» կրթական գործընթացից զատ, ուշադրություն է դարձնում սաների քաղաքացիական ակտիվության ձևավորմանը, երիտասարդների ակտիվության խթանմանը համայնքային մակարդակում։ Ինչ վերաբերում է ձեր քննարկած թեմային՝ քաղաքային տրանսպորտի աշխատանքին ու դրա գործունեության կատարելագործմանը, ապա նշեմ, որ շատ արդիական խնդիր եք բարձրացրել, վստահ եմ՝ այսքան հոգացավություն եթե այժմ արդեն կա ձեր քայլերի մեջ, ապա ապագայում առավել լավ արդյունքների կհասնի մեր հասարակությունը»։
Հանդիպման ժամանակ մարզպետը պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ մարզպետի աշխատանքն ավելի շատ պատասխանատվության ու մարզի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ հոգացավության տեսանկյունից է դիտարկում, քան պաշտոն զբաղեցնելու։