Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Հ Հ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
16.05.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։
Ողջունելով աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող դեսպանին՝ մարզպետը պատմել է Շիրակի ու մարզկենտրոնի մասին, ներկայացրել հնարավորությունները, առանձնահատկություններն ու ներուժը։
«Բարով եք եկել Շիրակի մարզ, պարոն դեսպան, գիտեմ առաջին անգամ չեք մեր մարզում, սակայն կուզենամ մեր մարզի յուրատիպության, մեծ ներուժի, լուրջ առավելությունների մասին հանգամանորեն ներկայացնել։ Գիտեք՝ մեր մարզը երբեմնի հզորությունները կորցրել է երկրաշարժի ժամանակ, որոնց վերականգնման ուղղությամբ իրականացվել են տարբեր ծրագրեր, անելիքներ շատ կան, սակայն ամենակարևորն այն է, որ Կառավարությունն է լուրջ քայլեր ձեռնարկում առկա հիմնահարցերի լուծման համար՝ կարևորելով տարածքների համաչափ զարգացումն ու տնտեսական ակտիվությունը։ Շիրակը տուրիզմի, գյուղատնտեսության տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում լուրջ ներուժ ունի, հատկապես զբոսաշրջության առումով էլ՝ հստակ հնարավորություններ՝ օդանավակայան, երկաթուղի, քաղաքային տարբերվող կոլորիտով Գյումրի ու մարզի հյուսիսի դեռ քիչ բացահայտված էքստրեմալ հնարավորություններ»,- նշել է մարզպետը՝ հաստատելով համագործակցության ու մարզի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր քննարկելու պատրաստակամություն։
Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու մարզի հնարավորությունների մասին հանգամանալից անդրադարձի համար․ «Պարոն մարզպետ, ես ուրախ եմ տեսնել Ձեր պատրաստակամությունը, լսել հստակ մոտեցումների մասին և հասկանալ այն առանձնահատկությունները, որոնք ունի Շիրակը։ Մենք և պատրաստ ենք համագործակցության, և կարծում եմ՝ հնարավորություն կունենանք առաջիկայում խոսել նոր նախաձեռնությունների մասին»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են առողջապահության, կրթության բնագավառներին առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում բաց է ցանկացած ծրագրի քննարկման և իրականացման։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկներով կրկին հանդիպել։