Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը
20.05.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի մայիսի 16-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում անցկացրած խորհրդակցություններին։
Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը, տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ Լևոն Պետրոսյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները։
Աղասի Իսահակյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4.831 քրեական վարույթ, որից 483-ը փոխանցվել է 2023 թվականից:
Քննված 4.831 քրեական վարույթից լուծվել է 3.389 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2.198, որից 520-ը՝ 592 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1.678 քրեական վարույթ կարճվել է, որից 1.540-ը ռեաբիլիտացնող, 138-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 323-ը միացվել է, 90-ն ուղարկվել է այլ մարմին, 778-ը պասիվացվել է։
2024 թվականի ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 167 քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 3923 հաղորդում, որից 3297-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականին դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 81 մլն 314 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 23 մլն 122 հզր ՀՀ դրամը։
2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 32 քրեական վարույթ, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4-ը կարճվել է, 5-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողությունները կատարված, 1-ը միացվել է, 1-ը՝ ուղարկվել այլ մարմին, 16-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, յուրաքանչյուր դեպքում պարզել հանցագործությունը ծնող պատճառները և պայմանները, այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին: