Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթող աշակերտներին
20.05.2025
Կրթությունը յուրաքանչյուրիդ լավ ապագայի գրավականն է և մեր երկրի ապագան ու զարգացման հեռանկարը, անչափ ուրախ եմ հանդիպել աշակերտների, որոնց համար կրթության լավագույն ժամանակահատվածը՝ դպրոցական տարիներն օգտագործվում են գիտելիքները խորացնելու համար»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթող աշակերտներին։
144 մասնակից՝ 7 առաջին, 11 երկրորդ, 16 երրորդ կարգի դիպլոմներ, 22 գովասանագրեր և աշակերտներ, որոնք դիպլոմների են արժանացել միանգամից մի քանի առարկաներից․ Շիրակի մարզպետը շնորհավորել է մրցանակակիրներին, զրուցել նրանց հետ, լսել ապագայի ծրագրերն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
«Երբ վերլուծում ենք շատ իրավիճակներ՝ հասկանում ենք, որ մեր երկրում բազմաթիվ խնդիրներ, լուրջ բացթողումներ եղել են կրթության թերի լինելու, երբեմն կրթության բացակայության արդյունքում, իսկ աշխարհի դեմ մենք կկարողանանք շահավետ վիճակում կանգնել, եթե ունենանք մրցունակ կրթություն, լավ մասնագետներ։ Կառավարությունն այս առումով անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ՀՀ-ում կրթական ոլորտը լինի մրցունակ, պայմանները բարվոք ու ժամանակակակից պահանջներին համապատասխան, հենց այս նպատակով է մեկնարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը լոկ կրթական պայմանների բարելավմանը միտված չէ, այլ սերունդների համար կրթական ամենանպաստավոր պայմաններ ստեղծելուն, քանի որ կրթությունը անձի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության գործընթաց է»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով դպրոցականներին, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է հնարավորությունների սահմանում աջակցել ու սատար կանգնել բոլորին, որպեսզի գիտելիք ձեռքբերելու շնորհակալ գործն առավել նպատակասլացորեն կատարեն։
Աշակերտները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության ու վերաբերմունքի համար։
Դավիթ Առուշանյանը պատասխանելով դպրոցականների հարցերին՝ նշել է, որ պետական պաշտոնը երբեք չի դիտարկել որպես հնարավորություն, այլ որպես պատասխանատվություն է ընդունել, իսկ հաջողության գրավականն համարել է ազնվությունն ու ցանկացած բնագավառում կատարած աշխատանքում նվիրվածությունը․ «Իրական հայրենասիրությունը նաև ամեն մեկիս կողմից մեր առջև դրված պարտականությունը, մեր աշխատանքը անթերի ու առանց վերապահումների կատարելն է։ Յուրաքանչյուրս մեր «խրամատում» պետք է պահենք մեր երկիրը, անենք ամեն բան հզորացնելու և առաջ գնալու համար»։
Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին Շիրակի մարզից մասնակցել է 9016 աշակերտ, մարզային փուլին՝ 1017 աշակերտ, հանրապետական փուլին էլ՝ 144 աշակերտ, նրանցից 56-ը մրցանակակիրներ են։