Նորություններ
Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն
22.05.2025
Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշման համաձայն այսօր Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որը նախատեսված էր «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանով»։
Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչները։
Շիրակի մարզպետի անունից ուսումնավարժության մասնակիցներին ողջունել, ուսումնավարժության կարևորության, արդյունավետ անցկացնելու անհրաժեշտությանն է անդրադարձել մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրել են ուսումնավարժության պլանն ու դրանով նախատեսված հետագա գործողությունների ու միջոցառումների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով։
Այնուհետև ուսումնավարժանքի գործնական փուլի ժամանակ մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, մարզպետի աշխատակազմի, Արթիկի համայնքապետարանի, փրկարար ծառայության պատասխանատուները հետևել են ուսումնավարժության անցկացման աշխատանքներին՝ խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրների կատարմանը, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելուն և որոշումներ կայացնելուն:
Նշենք, որ ուսումնավարժության նպատակը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ներգրավված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ծառայություններիբնակչության ուսուցումն ու կարողությունների կատարելագործումն է։