Նորություններ
Շիրակի մարզի դպրոցներում անցկացվել են վերջին դասի միջոցառումները
23.05.2025
Օրը՝ տոնական, միավորողը՝ հրաժեշտի վերջին դասը․ Շիրակի մարզի դպրոցներում անցկացվել են վերջին դասի միջոցառումները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ սկզբում ներկա է գտնվել Գյումրու թիվ 40 դպրոցի վերջին դասի՝ «Հետհայացք ապագայից» խորագիրը կրող միջոցառմանը։
Դավիթ Առուշանյանը շնորհավորել է հիմնական դպրոցի շրջանավարտներին տոնական ու հիշարժան օրվա առթիվ և բարի երթ ու նորանոր բարձունքներ մաղթել նրանց․ «Անչափ տպավորված եմ ձեր ելույթներով սիրելի աշակերտներ, հետաքրքիր սցենար էիք մշակել ընդդեմ արտագաղթի և հորդորում էիք բոլորին մնալ Հայաստանում, զարգացնել ու շենացնել մեր քաղաքը, ներկայացնում էիք Գյումրին, նրա պատմամշակութային արժեքները և մեր հարստությունները։ Չկա ուրիշ լավ տեղ, քան Գյումրին, իսկ Գյումրին գյումրեցիներով է Գյումրի, Գյումրին զբոսաշրջային, հումորային, մշակութային քաղաք է հենց գյումրեցիներով, ես համոզված եմ, որ դուք մեր քաղաքին նոր անուններ եք տալու, նոր համբավ եք տալու։ Գիտեմ, որ ևս 3 տարի սովորելու եք, կուզենամ, որ ճիշտ կողմնորոշվեք մասնագիտության ընտրության հարցում։ Մի բան վստահ իմացեք՝ ուր էլ գնաք, ինչ մասնագիտություն էլ ընտրեք՝ պետք է լինեք լավագույնը, մեզ լավագույներն են պետք»։
Դավիթ Առուշանյանը մասնակցել է նաև Գյումրու թիվ 2 դպրոցի ավարտական միջոցառմանը՝ հաղթական ու ձեռքբերումներով լի ճանապարհ մաղթելով շրջանավարտներին։
Այնուհետև Շիրակի մարզպետը շնորհավորել ու բարի երթ է մաղթել Լեռնուտ բնակավայրի դպրոցի միակ շրջանավարտին՝ Լուսինե Բաղդասարյանին։ Լուսինեի համար դպրոցի բոլոր աշակերտներով էին միջոցառում կազմակերպել։
«Այսօր ձեր միջոցառմանը մասնակցելն ինձ համար կարևոր խորհուրդ ունի՝ այն է, որ մեկ հոգին դպրոցին բերեց տոն, տոնական տրամադրություն, միասնություն։ Մեկ հոգին կարող է սարեր շուռ տալ, քաղաքը, գյուղը, մարզը, Հայաստանի Հանրապետությունը ավելի լավը դարձնել։ Լուսինեն այսօր Լեռնուտի դպրոցի լույսն է, մեր բոլոր շրջանավարտները մեր ապագայի լույսերն են։ Սիրելի մանկավարժներ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և խոնարհվում եմ ձեր առաջ, կրթելով սերունդներ, դուք լավ ներդրում եք կատարել, վստահ եմ՝ նման փայլուն երիտասարդներ ունենալով մենք ունենալու ենք լավ քաղաք, լավ մարզ և լավ երկիր։ Ծնողներին շնորհավորում եմ առանձնակի։ Գիտեմ, որ ձեզ համար շատ ավելի բարդ է և պարտավորեցնող, քանի որ այս ամենի համար բոլոր ծնողները շատ են չարչարվել, դուք, սիրելի շրջանավարտներ, իրականում ձեր ծնողներին կհասկանաք այն ժամանակ, երբ ձեր երեխաներն ունենաք և մասնակցեք իրենց վերջին դասին։ Այդ ժամանակ միայն կգիտակցեք ծնողների և հուզմունքը, և ուրախությունը, որ հասցրել են ձեզ այս օրվան։ Շնորհավորում եմ մարզի բոլոր մանկավարժներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել Շիրակի մարզում ավելի լավ սերունդ, պիտանի սերունդ դաստիարակելու համար»,-նշել է մարզպետը։
Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1804 տասներկուերորդ դասարանցի, որից 854-ը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների շրջանավարտներն են։ 9-րդ դասարանն ավարտում է 3017 աշակերտ՝ 2620-ը մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցների աշակերտներ: