Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 20 դպրոցի ավարտական վերջին դասի միջոցառմանը
24.05.2025
Գյումրու շնչով, գյումրեցու թասիբով, ավանդույթներով՝ Գյումրու թիվ 20 դպրոցի ավարտական վերջին դասի միջոցառմանը դպրոցական կյանքն ու անցած տարիների հուշերը համեմվել են ազգային, մշակութային արժեքների մասին պատմող ելույթներով ու խորհրդանշական ուղերձներով։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, աշխատակազմի պատասխանատուներ։
Մարզպետը ողջունել, անխոչընդոտ ու բարի ընթացք է մաղթել հիմնական դպրոցն ավարտող սաներին՝ նշելով, որ առանձնակի ջերմությամբ է մասնակցում միջոցառմանը, քանզի ինքն էլ է սովորել դպրոցում և հուզմունքով, ուրախությամբ ու երախտագիտությամբ է հիշում այդ տարիները․ «Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ ձեզ որպես 20-րդ դպրոցի սան, ներկայանալ որպես 20-րդ դպրոցի աշակերտուհու ծնող, ուրախ եմ, որ մասնակցում եմ այսքան սիրուն միջոցառման, որի ընթացքում ներկայացվեց մեր հայրենի քաղաքն ու իր պատմությունը։ Գյումրու պատմությունը պայքարելու մասին է, վեր հառնելու, թասիբի, ճիշտ ու արժանապատիվ ապրելու մասին է։ Այս քաղաքը մեզ ստիպում է ապրել պատվով ու նվիրվածությամբ։ Հենց այս նվիրվածությունը տեսա ձեր աչքերում, սիրելի շրջանավարտներ։ Վստահ եմ՝ տարիներ հետո դուք եք դառնալու մեր քաղաքի նոր անունները, որոնցով հպարտանալու ենք, որոնց մասին ոգևորությամբ պատմելու ենք։ Ուր էլ գնաք, որ ոլորտում էլ ձեզ դրսևորեք երբեք չընկրկեք, պայաքարեք լավագույնը լինելու համար։ Իսկ լավագույնը դուք կարող եք լինել, քանի որ ունեք այսքան նվիրված մանկավարժներ և ձեր հաջողությունների համար ջանք չխնայող ծնողներ։ Բարի երթ, խաղաղ ընթացք ու երջանկություն եմ ձեզ մաղթում»։
Այնուհետև Դավիթ Առուշանյանը տնօրեն Կարինե Մհլամյանի ուղեկցությամբ շրջել է թիվ 20 դպրոցում, դպրոցական տարիների հուշերից կիսվել, իր դասարանում եղել և ուրախությամբ նշել, որ հարուստ ավանդույթներ ունեցած Գյումրու թիվ 20 դպրոցը շարունակում է նույն ոգով աշխատել։
Տնօրենը մարզպետին է ներկայացրել նաև նոր մեկնարկած շինաշխատանքները, Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել դպրոցի վերանորոգման նպատակին, աշխատանքներն արդեն մեկնարկել են։