Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներին
24.05.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներին, ՍԱՏՄ մարզային կենտրոնի աշխատակիցներին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, կարևորել այսօրինակ հանդիպումների անցկացումը․ «Եթե կա խնդիր, կարևոր չէ իրավական, թե բարոյական՝ պատրաստ ենք համագործակցության և դրանց լուծման ուղիների որոնման։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է իրավասությունների շրջանակներում հետամուտ լինել դրանց լուծմանը, ես դա ասում եմ և որպես մարզպետ, և որպես Կառավարության անդամ, ով լիազորություն և պարտավորություն ունի մարզի յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր կառույցի համար»։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, կարևորել մարզպետի աշխատակազմ-տեսչական մարմին համագործակցությունը, խնդիրների լուծման ուղիների համատեղ նախանշումն ու լուծումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, համայնքներում իրազեկման, պատվաստումների իրականացման, սպանդանոցային մորթի հետ կապված խնդիրներին և այդ առումով համագործակցության կարևորությանը: