Նորություններ
Տեղի է ունեցել հանդիպում մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցների տնօրենների հետ
26.05.2025
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է մարզպետի աշխատակազմի ենթակայության այն դպրոցների տնօրենների հետ, որ դպրոցները նոր կառուցվում, հիմնանորոգվում և նորոգվում են։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես կրթական գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը, այնպես էլ կթական հաստատություններում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, դրանցում թերացումների բացառմանն ու հաստատությունների ղեկավարների հետևողականությանն առնչվող հարցեր։
Արտուշ Հովհաննիսյանը փոխանցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անմիջական հանձնարարականը՝ լինել հոգացավ, հետևողական և պատասխանատու․ «Կառավարությունն անում է հնարավորը Շիրակի մարզում կրթական հաստատությունների պայմանների բարելավման, նոր կրթօջախներ կառուցելու, հիմնանորոգելու համար։ Շատ մեծ միջոցներ են ուղղվել մարզ և դրանք պետք է ծախսվեն նպատակային։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր պատասխանատու կառույց, յուրաքանչյուր մասնագետ իր մասով պետք է լինի հետևողական, այդ թվում և դուք՝ հարգարժան տնօրեններ, չի ընդունվելու ոչ մի անհիմն բացատրություն, դուք ձեր մասով պետք է շինաշխատանքների իրականացման ողջ ընթացքին հոգացավորեն հետևեք և բարձրաձայնեք յուրաքանչյուր մտահոգության մասով։ Ձեզանից շատերը կարծում են, որ աշխատանքում իներցիոն մոտեցումով պետք է առաջ գնան, այստեղ սխալվում եք՝ ձեր անուշադրությունը համարվելու է բացթողում և անպատասխանատվություն»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շինաշխատանքների ընթացքին, շինարարության ընթացքում գույքի պահպանմանը, փաստաթղթային ձևակերպումներին առնչվող հարցերի։
Նշենք, որ 2025 թվականին ընթացքի մեջ են 12 դպրոցների՝ Արթիկի թիվ 2, Բերդաշենի, Ազատանի թիվ 2, Քեթիի, Բյուրակնի, Բավրայի, Սարատակի, Հայրենյացի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի դպրցների կառուցման աշխատանքները՝ 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ ընդհանուր արժեքով և 9 դպրոցների՝ Գյումրու թիվ 32, 38, 41, 28, 11, 20, 23 դպրոցների վերանորոգման աշխատանքները՝ 2 մլրդ 18 մլն 633 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Բոլոր դպրոցների աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, բացի Բերդաշենի դպրոցը, որի շինաշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։