Նորություններ
Շիրակի մարզի պատվիրակությունը մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին
06.06.2025
Շիրակի մարզի պատվիրակությունը` մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, այսօր մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Մեկօրյա համաժողովն ընդգրկել է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։
Համաժողովի պանելային քննարկումների հիմնական թեմաներից են եղել ՀՀ և ՌԴ քույր քաղաքների միջև երկխոսությունն ու դրա ամրապնդումը, էլեկտրոնային առևտրի զարգացման գործում փոխգործակցության երկխոսությունը, հայ-ռուսական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններն ու այդ հարցում առկա ներուժը, Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ներդրումային գրավչությունը, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը և մի շարք այլ թեմաներ։
Համաժողովն ավարտվել է լիագումար նիստով, որի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Լիագումար նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը երկու բարեկամ երկրների միջև գործընկերության զարգացման և ամրապնդման գործում․ «Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր բարեկամ երկրների միջև գործընկերության զարգացման և ամրապնդման գործում և վստահաբար նպաստում է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու նոր հեռանկարների նախանշմանը։
Անցկացվող համաժողովն ու կլոր սեղանների քննարկումները շատ լավ հնարավորություն են առավել սերտ շփումների և թեմատիկ քննարկումների միջոցով վեր հանելու հայ-ռուսական տարածաշրջանային համագործակցության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, կրկին քննարկելու և հստակեցնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այն ոլորտները, որտեղ հնարավորություն կա սկսել կամ ակտիվացնել արդեն իսկ ձևավորված համագործակցության շրջանակները՝ այդ կերպ նպաստելով բարեկամ երկրների մարզերի և համայնքների առավել սերտ շփումների ապահովմանն ու բարեկամական կապերի ամրապնդմանը։ Վստահ եմ՝ այս համաժողովի ակտիվ շփումներն արդյունավետ և արգասաբեր են լինելու։
ՀՀ Կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում տարածքների համաչափ զարգացման ու տնտեսական ակտիվության բարձրացման համար՝ համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրների շարքում դիտարկելով: Այս համատեքստում, համոզված եմ՝ միջտարածաշրջանային ուղիղ շփումները լուրջ հնարավորություն են ստեղծում մարզերի տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։
Տասներորդ հոբելյանական համաժողովը, կարծում եմ՝ նաև հնարավորություն է միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ ձևավորված կապերի և գործընկերության մասին խոսելու, առկա բացթողումները նախանշելու, բարձրաձայնելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով։
Պետք է նշեմ, որ մինչ օրս ՀՀ Շիրակի մարզի և ՌԴ տարածքային սուբյեկտների միջև մարզային և համայնքային մակարդակներում ձևավորված որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է։
2009 թվականից սկսած Շիրակի և Ուլյանովսկի մարզերի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ և «Հայաստանի օրեր» Ուլյանովսկի մարզում միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետի՝ ՌԴ Ուլյանովսկի մարզ այցելության ժամանակ ստորագրվել է Ուլյանովսկի և Շիրակի մարզերի միջև մտադրությունների մասին արձանագրություն, այնուհետև ստորագրվել՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
2010 թվականի օգոստոսին Գյումրիում տեղի է ունեցել վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի հանդիսավոր բացումը` Հայաստանի և ՌԴ նախագահների մասնակցությամբ:
2011-ին կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին ֆորումի ժամանակ ՌԴ Ուլյանովսկի մարզի կառավարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքվել է 2011-2012թթ. ընթացքում նախատեսված միջոցառումների արձանագրությունը: Այնուհետև փոխադարձ այցելություններ ու տարատեսակ միջոցառումներ են անցկացվել՝ նպաստելով մշակութային կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակությանը տարբեր բնագավառներում։
2016 թվականին Շիրակի և Ուլյանովսկի մարզպետները ստորագրել են ՌԴ Ուլյանովսկի մարզի կառավարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև փոխգործակցության 2016-2018թթ միջոցառումների ծրագիրը, որից հետո Շիրակի մարզպետն այցելել է Ուլյանովսկի մարզ, 2018-ին էլ՝ Շիրակի մարզպետն ընդունել է ՌԴ Կուրսկի մարզից Հայաստան ժամանած պատվիրակությանը` Կուրսկի մարզի վարչակազմի արտաքին կապերի զարգացման կոմիտեի նախագահ Սվետլանա Դորոշի գլխավորությամբ:
Նույն թվականին Գյումրիում անցկացվել է «Շիրակի մարզի գործարար ռեսուրսները» խորագրով բիզնես- ֆորում։
Բացի նշվածներից, անցած տարիներին մարզային մակարդակով անցկացվել են կրթական, մշակութային, ճանաչողական, գործարար համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ և հանդիպումներ։
Համագործակցության նախադրյալներ կան նաև Շիրակի մարզի համայնքների և ՌԴ քաղաքների միջև։ Շիրակի մարզկենտրոն Գյումրին քույր քաղաք է ՌԴ Մոզդոկ, Դոմոդեդովո, Կուրսկ, Պետրոպավլովսկ-Կամչատսկ, Վոլոգդա, Նովոչերկասկ, Տվեր քաղաքների հետ։
Ի դեպ Տվերի հետ քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը կնքելու պատիվն անձամբ եմ ունեցել՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ՝ Տվեր այցելության ժամանակ։
Այս բոլոր նախադրյալները նշում եմ՝ ընդգծելով գործնական քայլեր մշակելու անհրաժեշտությունն ու հստակ գործողությունների ծրագիր ունենալու կարևորությունը։
Եվս մեկ անգամ, ողջունում եմ բոլորիդ և հաստատում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը, լիազորությունների շրջանակում, շարունակել և խորացնել հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ, իսկ ձեռք բերված, սակայն այս պահին դեռևս ոչ ակտիվ կարգավիճակում գտնվող պայմանավորվածությունները խթանել և սկսել իրական փոխգործակցություն՝ նոր շունչ ու բովանդակություն հաղորդելով մեր երկրների միջև առկա գործակցությանը»։










