Նորություններ
Հանդիպում Տարածքային զարգացման հիմնադրամի, մարզում կառուցվող, նորոգվող դպրոցների շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, դպրոցների տնօրենների հետ
17.06.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Տարածքային զարգացման հիմնադրամի, մարզում կառուցվող, նորոգվող դպրոցների շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, դպրոցների տնօրենների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթական հաստատություններում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, դրանցում թերացումների ու ձգձգումների բացառմանն ու բոլոր պատասխանատուների հետևողականությանն առնչվող հարցեր։
Մարզպետը առանձին-առանձին զրուցել է բոլոր շինարարների հետ, հետաքրքրվել աշխատանքների ընթացքից, առաջացած խնդիրներից, լսել նույն դպրոցների տնօրենների մտահոգությունները, որից հետո Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել լուծման տարբերակներ ու նշել, որ որոպես մարզպետ պատասխանատու է համարում իրեն բոլոր գործընթացներում և յուրաքանչյուր աշխատանքի մասով։
«Մարիզի 27 դպրոցներում իրականացվելու են հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, շինարարներին պետք է հորդորեմ, աշխատանքներն իրականացնել որակով և պահպանել ժամկետները, որպեսզի որևէ խնդիր չունենանք։ Այդ ամենը պետք է արվի համատեղ ջանքերով։ Հարկավոր է շինարարությանը վերաբերվել որպես սեփական տանը, քանի որ բոլորս ունենք բարոյական պատասխանատվություն՝ այդ ամենն անում ենք մեր երեխաների համար, ուստի պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ և ժամկետներում, որպեսզի մեր երեխաները սեպտեմբերին գնան բարեկարգ դպրոցներ։ Շիրակի մարզպետի աշխատակազմը, իրավասաթյունների շրջանակներում, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ընթանան բնականոն հունով։ Իրականում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, Կառավարությունը հսկայական միջոցներ է ուղղում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կյանքի կոչելու համար, մեզ մնում է այդ միջոցները միմիայն նպատակային ծախսել։ Վստահեցնում եմ՝ ցանկացած խնդիր առաջանալու դեպքում պատրաստ ենք այն համատեղ ուժերով լուծել»,- նշել է մարզպետը՝ կարևորելով հոգացավ ու հոգատար վերաբերմունքը ողջ գործընթացի նկատմամբ՝ շինաշխատանքների մեկնարկից մինչև ավարտ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մինչև եկող սեպտեմբերի 1 ավարտվող շինաշխատանքները ժամկետների մեջ լինելուն, ինչպես նաև առավել ուշ ավարտվող շինաշխատանքների դեպքում դասապրոցեսը չխաթարելուն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, ոլորտային պատասխանատուները դպրոցների տնօրենների հետ կքննարկեն և սեղմ ժամկետներում կներկայացնեն նախընտրելի տարբերականեր՝ դասերը լիարժեք իրականանցնելու և խոչընդոտներ չունենալու համար։
«Խոսքը դպրոցների շինաշխատանքների մասին է՝ սա նշանակում է որակն անխախտ լինելուց զատ, մենք պետք է անենք հնարավորը որևէ սուբյեկտիվ պատճառով ժամկետների ձգձգում չունենալու համար, թե շինարարը, թե դպրոցների տնօրենները, թե բոլոր պատասխանատու կառույցները պետք է հիշեն, որ մենք կրթական գործընթացը ևս պետք է կազմակերպենք առանց թերացումների, ուրեմն բոլորս ջանքերս մեկտեղենք և առաջ գնանք հաստատակամությամբ, որ անելու ենք մեր ուժերի մաքսիմումը։ Եթե չենք հաջողում բոլորիս բացթողումն է՝ անկախ ուղիղ ենթակայությունից ու պատասխանատվությունից, թե հաջողենք բոլորիս ձեռքբերումն է, քանի որ նորակառույց ու նորոգված դպրոցներում սովորելու են մեր երեխաները»։
Նշենք, որ 2025 թվականին ընթացքի մեջ են 12 դպրոցների՝ Արթիկի թիվ 2, Բերդաշենի, Ազատանի թիվ 2, Քեթիի, Բյուրակնի, Բավրայի, Սարատակի, Հայրենյացի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի դպրցների կառուցման աշխատանքները՝ 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ ընդհանուր արժեքով և 27 դպրոցների վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգվող դպրոցներից 15-ը Գյումրու դպրոցներից են, 12-ը մարզի մյուս համայնքներից։ Բոլոր դպրոցների աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, բացի Բերդաշենի դպրոցը, որի շինաշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։