Նորություններ
Բուժաշխատողի օրվա նախօրյակին տոնական օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում
20.06.2025
Բուժաշխատողի օրվա նախօրյակին տոնական օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում, որն անցկացվել է ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շիրակի մարզային միության ջանքերով։
Ներկաներին ողջունել և բժշկի անգնահատելի դերի ու նվիրումի կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,-«Սիրելի բուժաշխատողներ, այնքան կարևոր է, որ մենք բոլորս ձեր մեծ նվիրումն ու անսպառ մարդասիրությունը պատշաճ գնահատենք, քանի որ ամենօրյա աշխատանքով կյանքեր եք փրկում։ Ձեր մասնագիտությունն ուղղակի աշխատանք չէ, այլ առաքելություն, որտեղ ամեն օր պայքար է գնում մարդկանց հույս ներշնչելու, լավատեսությամբ լցնելու համար։ Ես բժշկի մասնագիտության, բժիշկ դառնալու երկար ու դժվար ճանապարհի մասին ավելի լավ սկսել եմ պատկերացնել, երբ աղջիկս դարձավ ուսանող և այժմ տեսնելով նրա ջանքերը, նրա ներդրած ավյունը՝ առավել լավ հասկանում եմ ձեզ։ Միայն մասնագիտական օրը չէ, որ պետք է մեծարենք և շնորհակալություն հայտնենք բոլոր բուժաշխատողներին, առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին, քանզի դուք տարվա բոլոր օրերին եք անդուլ աշխատում։ Մեր կառավարությունն այժմ անում է ամեն բան, որպեսզի առողջապահության ոլորտում արդիկանացման աշխատանքներն առավել մեծ տեմպերով առաջ գնան։ Վստահ եմ, որ առաջիկայում մենք կունենանք այն միջավայրը, որտեղ բժշկի համար կլինեն բոլոր պայմանները լավ աշխատելու և մարդկանց առավել լավ ծառայություններ մատուցելու և իհարկե, կունենանք այն միջավայրը, որտեղ բժշկի աշխատանքը կլինի հնարավորինս անվտանգ և գնահատված։ Բոլորիդ անփորձանք աշխատանք եմ մաղթում և թող ավելի շատ մեր քաղաքացիները օգտվեն ծննդատներից և ծնունդների մասին մեր բժիշկները խոսեն»։