Նորություններ
«Շնորհակալությու՜ն, բժիշկ». բուժաշխատողի օրը նշվում է Գյումրիում և նշվում է մեծ շուքով ու տոնական շնչով
21.06.2025
«Շնորհակալությու՜ն, բժիշկ». բուժաշխատողի օրը նշվում է Գյումրիում և նշվում է մեծ շուքով ու տոնական շնչով։
Միջոցառումների մեկնարկը տրվել է Գյումրու երկաթուղային կայարանից, որտեղ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը դիմավորել է Երևանից Գյումրի ժամանած բուժաշխատողներին՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ։
Հանրապետության տաբեր ծայրերից Գյումրի ժամանած հյուրերը հենց երկաթգծի կայարանում հնարավորություն են ունեցել Գյումրվա շունչն ու տրամադրությունը զգալ՝ ուրախ երգ ու պար, ազգային, ժողովրդական երաժշտություն, կատարումներ ու ելույթներ, փողային նվագախումբ, մարզական ու արվեստի դպրոցների սաների ցուցադրություն և ոտքով շրջայց Գյումրու կոլորիտային փողոցներով դեպի թատերական հրապարակ, իսկ ողջ ճանապարհին մեկ կարևոր ասելիք՝ «Շնորհակալությու՜ն, բժիշկ»։
«Նորից ու նորից շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին, թող նրանց կյանքում երախտիքի ու շնորհակալության խոսքերի պակաս չլինի, քանզի նրանք արժանի են։ Այսօր Գյումրիում տոն է և հետաքրքիր ու գեղեցիկ մեկնարկ ունեցանք միջոցառումների, շարունակությունն ու ավարտն էլ վստահ եմ՝ շատ բովանդակալից է լինելու, ողջ օրվա ընթացքում Գյումրու տարբեր վայրերում տոնական տրամադրության պակաս չի լինելու, միջոցառումների նպատակը մեկն է՝ ասել «Շնորհակալությու՜ն, բժիշկ» և գնահատանքի խոսքեր հղել առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը՝ բարձր տրամադրություն և ուրախ ժամանց մաղթելով միջոցառման մասնակիցներին, հյուրերին ու գյումրեցիներին։
Այնուհետև գյումրեցի դհոլահար փոքրիկները հյուրերին դիմավորել են թատերական հրապարակում, որտեղ գունավորվել է խորհրդանշական սիրտը՝ ի նշան երախտագիտության այն բոլոր բուժաշխատողների, որոնց շնորհիվ ամեն օր բազմաթիվ սրտեր են շարունակում բաբախել։
Գյումրու դրամատիկական թատրոնում արդեն անցկացվել են սեղանի խաղեր, որից հետո հյուրերը շրջելու են Գյումրու թանգարաններով և երեկոյան արդեն կենտրոնական հրապարակում մասնակցելու են գլխավոր միջոցառմանը՝ «Շնորհակալություն, բժիշկ» մրցանակաբաշխությանը՝ Գյումրու Պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, այնուհետև հնարավորություն կունենան ըմբոշխնել «Ռեինկարնացիա» խմբի համերգը։