Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշնյանը ներկա է գտնվել Արթիկ համայնքի 2025 թվականի աշխատանքային գործունեության առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությանը
02.07.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշնյանը տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանն անցկացված համայնքի 2025 թվականի աշխատանքային գործունեության առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությանը։
Խորհրդակցությանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի վարչական ղեկավարները, համայնքապատկան ՀՈԱԿ-ների տնօրենները, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարները։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է նմանօրինակ խորհրդակցությունները, որոնք խոսում են համայնքների հաշվետվողականության և պատասխանատվության մասին։
«Արթիկում իսկապես, պետական միջոցներով աննախադեպ շինարարություն է իրականացվում, ծավալներն ինքնին խոսուն են, իսկ նման մասշտաբի աշխատանքների իրականացումը ենթադրում է նաև լուրջ վերահսկողություն և պատասխանատուների համագործակցված աշխատանք։ Մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում համայնքի նախաձեռնողականությունն ու վստահեցնում, որ եթե կա հոգատար մոտեցում պետական միջոցները նպատակային ծախսելու առումով, ապա մենք ձեռք ձեռքի կանենք հնարավորը, որպեսզի նոր ձեռքբերումներ ունենանք և համայնքում առկա խնդիրները քայլ-քայլ լուծելով առաջ շարժվենք»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն էլ կարևորել է համագործակցված աշխատանքն ու հավաստել, որ անցած վեց ամիսների ընթացքում արել են ամեն ինչ նոր ձեռքբերումներ ունենալու համար։
Այնուհետև համայնքապետարանի բաժինների պետերը ներկայացրել են ղեկավարած բաժինների աշխատանքային գործունեության ամփոփ հաշվետվությունները։
Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանն ու սեփական եկամուտների հավաքագրմանը, սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, քաղաքաշինական ծրագրերին ու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, առևտրի սպասարկումների և գովազդին վերաբերող աշխատանքներին, նախադպրոցական, մշակութային, կրթական և սպորտային հաստատությունների գործունեությանը։