Նորություններ
Աշոցք համայնքում հանդիսավորությամբ նշվել է համայնքի օրը
28.07.2025
Աշոցք համայնքում այսօր մեծ շուքով նշվել է համայնքի օրը, որը կրել է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագիրը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ։
Մինչ տոնակատարության մեկնարկը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրերի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Աշոցքի պուրակում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։
Ներկաները շրջել են համայնքի 25 բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներին, ներկայացված ցուցահանդեսին։ Դավիթ Առուշանյանը գրառում է կատարել բարբառների պատում։
Տոնական միջոցառմանը Շիրակի մարզպետը շնորհավորել է Աշոցքի բնակիչներին, նշել, որ համայնքի բնակիչների հիմնահարցերը մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են․ «Միջոցառման խորագիրն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Աշոցքի տոնը դիտարկվում է որպես ընտանեկան տոն, Աշոցքն էլ իր բնակավայրերով՝ մեկ ընտանիք, իսկ եթե կա միասնականություն, ուրեմն համայնքը բերդ է, որն անառիկ է ու աներեր։ Կառավարության հետ համաքայլ՝ բոլորիս ջանքերը մեկտեղելով, պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը, մեր մարզը, մեր համայնքները և մեր ընտանիքները լինեն բարեկեցիկ։ Այս առումով վերջին տարիները բեկումնային կարող ենք համարել, պետական միջոցներով կառուցվում ու նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ենթակառուցվածքներ։ Աշոցքի տվյալները նշելով՝ մի քանի թիվ մեջբերեմ, 2018-2025 թվականներին Աշոցքում պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվել է 1 մլրդ 490 մլն 268 հազար դրամի սուբվենցիոն ծրագիր։ Կառավարությունը հատկացրել է այդ գումարի 838 մլն 202 հազար դրամը։ Թվերն ինքնին խոսուն են, եթե հաշվի առնենք նաև այն լուրջ ներդրումները, որոնք կատարվում են դպրոցների կառուցման ու նորոգման առումով։ Անելիքներ իհարկե դեռ կան, սակայն կա նաև կամք համատեղ աշխատանքի ու առաջ շարժվելու»։
«Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրով տոնակատարությունը եզրափակվել է մեծ համերգային ծրագրով։