Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է մարզում գտնվող Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի պատվիրակությանը
29.07.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ ընդունել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի պատվիրակությանը՝ փոխքաղաքապետ Իզաբելա Կալինովսկայի գլխավորությամբ։
Շիրակի մարզի Արթիկ համայնքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև 2017 թվականի օգոստոսի 21-ին կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո եղել են փոխադարձ այցելություններ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է հյուրերին, կարևորել ինչպես միջհամայնքային, այնպես էլ միջմարզային համագործակցությանը նպաստող ցանկացած նախաձեռնության իրականացում․«Ուրախ ենք ձեզ տեսնելու Շիրակ աշխարհում, ես շատ եմ կարևորում քույր քաղաքների համագործակցությունը։ Ասեմ ավելին, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ եղած ժամանակահատվածում հասցրել եմ հուշագիր կնքել։ Ցանկացած հուշագրի կարևորությունն այն է, որ համագործակցություն լինի, ծրագրեր կյանքի կոչվեն։ Արթիկ համայնքը շատ ինքնատիպ գեղեցկություն ունի, յուրատիպ ներուժ։ Ես, որպես Շիրակի մարզպետ, պատրաստ եմ իրավասությունների շրջանակներում աջակցել բոլոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացմանը։ Վստահ եմ` մեր մարզից կհեռանաք միայն լավագույն տպավորություններով և համագործակցության նոր հեռանկարների նախանշումից հետո»։
Իզաբելա Կալինովսկան շնորհակալություն է հայտնել մարզպետին և Արթիկ համայնքի ղեկավարին ընդունելության համար, վստահեցրել, որ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և անգամ վերածվելու է միջմարզային համագործակցության։
Նշենք, որ այցի շրջանակներում պատվիրակության անդամները ծանոթանալու են Արթիկ համայնքում իրականացված ծրագրերին, զբոսաշրջային նշանակություն ունեցող պատմաճարտարապետական կենտրոններին, համայնքային ենթակայության կրթամշակութային կենտրոնների գործունեությանը: