Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը
30.07.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում։
Միջոցառմանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանը, երկաթուղայիններ։
Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Առուշանյանը կարևորել է երկաթուղային հանգույցի առանձնահատկությունն ու անխափան աշխատանքը. «Ինձ համար մեծ պատիվ է, որ արդեն երկրոդ անգամ առիթ ունեմ ձեզ շնորհավորելու մասնագիտական օրվա առթիվ։ Երկաթուղին համարվում է մեր երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը և մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումն առավել մրցունակ կդարձնի մեր երկաթուղին։ Հաշվի առնելով այն, որ մենք գնում են մեր հարևան երկրների հետ համագործակցության ճանապարհով, կարևոր է, որ երկաթուղին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների, ծառայությունների որակի ապահովման առումով լինի առավել մրցունակ»։
Դավիթ Առուշանյանը երկաթուղային համակարգի բնականոն և անխափան աշխատանքի կազմակերպման, անմնացորդ նվիրումի համար՝ շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների։
Այնուհետև մարզպետը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ շրջել է ընկերությունում, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է երկաթուղու գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ընթացիկ ծրագրերը, ընդգծել, որ 200 նոր բեռնատար վագոններ են ձեռքբերել վերջերս։