Նորություններ
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էին գտնվում ԿԳՄՍ և ՏԿԵՆ նախարարների տեղակալները
30.07.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարի տեղակալ Վարդան Կոստանյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարուն ընդառաջ հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնախնդիրներին, շենքային պայմաններին, մարզի մի բնակավայրից մյուսը դպրոցականների տեղափոխման հնարավոր տարբերակներին առնչվող հարցեր:
Առուշանյանը ողջունել է հյուրերին, ըդգծել, որ համագոծակցված աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքների․ «Մեր երեխաների համար որակյալ կրթություն ապահովելու, բարեկեցիկ կրթական միջավայր ունենալու համար պետք է համատեղ աշխատանք, միասնականություն և նվիրում։ Այսօրինակ հանդիպումները հաստատում են, որ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներն ամուր հիմքերով հանգրվանի հասցնելու, կրթության որակը պահպանելու և բարձրացնելու, կրթական հաստատությունների աշխատանքում թերացումները բացառելու համար արվում է հնարավոր ամեն ինչ»։
Արաքսիա Սվաջյանը և Վարդան Կոստանյանը շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար։
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԿԳՄՍ և ՏԿԵՆ նախարարների տեղակալները Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ամասիա համայնքի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», որտեղ տեղի է ունեցել հանդիպում Արեգնադեմի, Գտաշենի, Ջրաձորի միջնակարգ դպրոցների աշակերտների ծնողների և ուսուցիչների հետ։