Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի օրը տոնական մթնոլորտում

01.09.2025


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ սեպտեմբերի 1-ին այցելել է Գյումրու թիվ 28 դպրոց, որը վերանորոգումից հետո առաջին անգամ է բացել դռները աշակերտների առջև։ Այս ուսումնական տարին դպրոցն ունի 48 առաջին դասարանցի։
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, օրն առանձնահատուկ հուզումնալից է առաջին դասարանցիների և նրանց ծնողների համար, ինքս 3 անգամ ապրել եմ այս ապրումները՝ իմ երեխաներին առաջին դասարան տանելով։ Որքան հուզմունքով լի, նույնքան ուրախալի օր է, իհարկե մեր առաջին դասարանցիները դեռ չեն էլ պատկերացնում ուր են եկել և ինչ են անելու դպրոցում, սակայն վստահ եմ՝ կհասցնեն դեռ ընտելանալ, սովորել ու սիրել դպրոցը։ Ուզում եմ, որ առաջին դասարանից իմանաք՝ լավագույնին հասնելու ամենաարդար միջոցը աշխատանքն է, իսկ լավ աշխատանք ունենալու համար պետք է շատ լավ սովորել։ Մեծ պատիվ ու պատասխանատվություն է սերունդ կերտելը, սիրելի մանկավարժներ, ձեզ հաջողություններ եմ մաղթում այս պատվաբեր գործում։ Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրթական պայմանները բարելավվեն, մեզ մնում է աշխատել ու չընկրկել, որպեսզի օր առաջ ավելի լավ դպրոց ու ավելի լավ կրթական միջավայր ունենանք»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Մարզպետը շրջել է դպրոցում, դիտարկել իրականացված վերանորոգման աշխատանքներն ու հատկացված գույքը, եղել լաբորատոր սենյակներում։ Գյումրու թիվ 28 դպրոցի վերանորոգման նպատակին պետությունը հատկացրել է 146 մլն 787 հազար դրամ, աշխատանքներն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
107 մլն 680 հազար դրամ գումարի շրջանակներում հիմնանորոգվել է նաև Գյումրու թիվ 38 դպրոցը, որտեղ ևս աշխատանքներն արդեն ավարտվել են։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցի ընթացքում շրջել է դպրոցում, ծանոթացել արված աշխատանքներին, զրուցել ծնողների ու մանկավարժների հետ, հետևել դպրոց առաջին անգամ ոտք դրած 33 առաջին դասարանցիների առաջին դասին և հուզված փոքրիկներին մաղթել մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ գիտելիքի անծայրածիր աշխարհում։
Շիրակի մարզպետը սեպտեմբերի 1-ին այցելել է նաև Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ դեռ ընթանում են նորոգման աշխատանքները, դասապրոցեսն այստեղ կազմակերպվել է նորոգված հատվածում։ Մարզպետը շրջել է դպրոցում, դիտարկել աշխատանքների ընթացքն ու շինարարի հետ զրույցում ներկայացրել այն բացթողումները, որոնք նկատել է այդ պահին՝ հանձնարարելով մարզպետի աշխատակազմի պատասխանատուներին առավել հանգամանալից հետևել աշխատանքների ընթացքին և բոլոր բացթողումները գրի առնել ու դրանց վերացման ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկել։
«Շիրակի մարզում աննախադեպ են դպրոցաշինական աշխատանքները, սակայն մեծ ծավալները չպետք է պատճառ դառնան բացթողումների, աշխատանքներին մատների արանքով նայելու և պետական միջոցները փոշիացնելու առումով։ Զգոնության ու պատասխանատվության կոչ եմ անում բոլոր պատասխանատուներին, չի ընդունվելու ոչ մի անորակ շինարարություն»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում իրականացվում է 41 դպրոցաշինական ծրագիր։ Հիմքից կառուցվում է 12 կրթահամալիր՝ ընդհանուր 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ արժողությամբ։ Վերանորնորոգվող դպրոցների թիվը 28-ն է, նրանցից 15-ը Գյումրիում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-04 16:48:09