Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.09.2025

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողնե՛ր
Հարգելի մանկավարժներ, կրթության ոլորտի երախտավորներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
2025-2026 ուսումնական տարին դիմավորում ենք աննախադեպ ծավալի դպրոցաշինական աշխատանքներով ու կրթական բարեփոխումներին միտված նախաձեռնությունների մեկնարկով։
Միայն Շիրակի մարզում 5 միլիարդ դրամից ավելի դպրոցաշինական ծրագրեր են ընթացքի մեջ, ինչը խոսում է այն մասին, որ Կառավարությունը ջանք չի խնայում կրթության որակի բարձրացման, կրթական պայմանների բարելավման, կրթական համակարգի զարգացման համար։
Այս ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Ձեզ մնում է սովորել ու սովորել, փորձել կուտակել շատ գիտելիքներ, որովհետև գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու պաշտպանված:
Սեպտեմբերի 1-ն առանձնակի հուզումնալից ու հիշարժան օր է առաջին դասարանցիների և առաջին կուրսի ուսանողների համար։ Ձեզ մաղթում եմ հարթ ու ձեռքբերումներով լի ընթացք։
Կրթական հաստատություններ ոտք դնելուց, գիտելիք ձեռքբերելու ճանապարհով անտրտունջ առաջ քայլեք, քանզի միայն այդ կերպ կկարողանաք ձեր կյանքն ու մեր երկիրը փոխել, ավելի լավը դարձնել։
Հարգելի մանկավարժներ, ձեր առաքելությունը վեհ է, աշխատանքը՝ դժվար ու պատասխանատու, երբեք չընկրկեք այս ճանապարհին, վստահ քայլեք առաջ ու մեր սերունդներին կրթեք նորարարական գաղափարներով, կյանքին ձգտումով նայելու պատրաստակամությամբ։
Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկրում ստեղծագործ մտքով սովորելու կամք, հաջողություններ նախաձեռնություններում, ազատ թռիչք՝ գիտելիքի ձեռքբերման անծայրածիր հորիզոններում։
Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օր։