Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել ֆրանսիական «Քարֆուր» միջազգային սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղի բացման արարողությանը
11.09.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել ֆրանսիական «Քարֆուր» միջազգային սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղի բացման արարողությանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Քարֆուր միջազգային ցանցի տնօրեն Պատրիկ Լասֆարգուսը, Enterprise Armenia-ի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, հյուրեր։
Ներկաներին ողջունել և մասնաճյուղի բացման կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը․ «Իրականում ես ուզում եմ իմ խոսքը 3 մասի բաժանել՝ մեկը որպես Կառավարության ներկայացուցիչ՝ Կառավարության, որի արտաքին քաղաքականությունը միտված է դեպի բաց շուկայական հարաբերություններ։ Այսօրվա մեր միջոցառումը խոսում է Ֆրանսիայի հետ մեր բարեկամության, վերջին ժամանակների աննախադեպ դիվանագիտական հարաբերությունների մասին։ Ավելանում է ևս մեկ կարևոր բաղադրիչ, որն ավելի է ամրապնդելու մեր երկու երկրների դարավոր բարեկամությունը՝ խոսքը տնտեսական հարաբերություններին է վերաբերվում։ Երկրորդ մասով էլ՝ որպես Շիրակի մարզպետ արձանագրեմ, որ Գյումրիում նոր աշխատատեղեր են բացվում, շատ կարևոր է նաև պետական և համայնքային բյուջե հարկերի և տուրքերի ավելացումը։ Եվ երրորդը՝ որպես գյումրեցի նշեմ՝ նման միջազգային բրենդի մուտքը Գյումրի խոսում է այն մասին, որ Գյումրին հետաքրքիր տնտեսական գոտի է ոչ միայն շիրակցիների համար, այլև՝ միջազգային մեր գործընկերների համար։ Գյումրին դառնում է տնտեսական ակտիվ գոտի։ Գյումրին այլևս աղետի գոտի չէ, այլ զարգացման գոտի է, զարգացող գոտի է, ապացույցը մենք տեսնում ենք»։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Օլիվիե Դըկոտինյին և Պատրիկ Լասֆարգուսը՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդումն ու Գյումրիում տնտեսական ակտիվության բարձրացումը։