Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում
12.09.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում։
Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ դիտարկվել են համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող շինաշխատանքների ընթացքը:
Այցի շրջանակում պատասխանատուները հետևել են «Աշոցք համայնքի Գոգհովիտ բնակավայրի 6-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների տուֆ քարով սալարկում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շուրջ 46 մլն արժեք ունեցող ծրագրում պետական մասնաբաժինը 70 տոկոս է՝ 31 մլն 502 հազար դրամ։ 2025-ին մեկնարկած ծրագրի իրականացման արդյունքում սալարկվելու է 551 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շինարարի հետ զրույցում կարևորել է աշխատանքները ժամկետներում ավարտելը, պետական միջոցները չփոշիացնելն ու նպատակային օգտագործելը. «Շիրակի մարզում չի ընդունվելու անորակ շինարարություն։ Մենք ի սկզբանե վերահսկողություն ենք իրականացնում ցանկացած շինարարական աշխատանքում, որպեսզի արդյունքը ցանկալին լինի։ Չնայած նրան, որ անհարաժեշտ է պահպանել ժամկետները, բայց ոչ որակի հաշվին»։
Շիրակի մարզպետի գլխավորությամբ պատասխանատուների հաջորդ կանգառը Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածում է եղել, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ 2025-ին մեկնարկած և 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, կապալառուն՝«Մերձմոսկովյան» ընկերությունը։
«Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցուղու և հինգ բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 95 մլն 101 հազար դրամ է կազմում։
50 տոկոս պետության, 50 տոկոս համայնքային միջոցների ներդրմամբ իրականացվող ծրագիրը մեկնարկել է այս տարի։ Ասֆալտապատվելու է 182 մ (272քմ) երկարությամբ ճանապարհը և 3406 քմ մակերեսով 5 բազմաբնակարան շենքերի բակային տարածքները։
Դավիթ Առուշանյանը Կարեն Մանուկյանի և շինարարի ուղեկցությամբ դիտարկել է աշխատանքների ընթացքը։
Մարզպետը կարևորել է պետություն-համայնք համագործակցությունը և արդյունքում սուբվենցիոն ծրագրերով որակյալ շինաշխատանքներ իրականացնելը։