Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են Աշոցքի բնակավայրերում իրականացվող դպրոցաշինական աշխատանքների ընթացքին

12.09.2025

Աշոցք համայնք աշխատանքային այցի շրջանականերում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուների հետ հետևել է Աշոցքի բնակավայրերում իրականացվող դպրոցաշինական աշխատանքներին։
Մարզպետն այցելել է «Մուսայելյանի միջնակարգ դպրոց», որտեղ ընթացքի մեջ են դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Կառավարության «Մինչև 2026-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրրի շրջանականերում հիմնանորոգվում է ուսումնական մասնաշենքը։ 164 մլն պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Դավիթ Առուշանյանը շինարարի հետ զրույցում կարևորել է որակով և ժամանակին արված աշխատանքը․ «Պետական մոտեցումը՝ անել հնարավորը դպրոցական պայմանների փոփոխության համար, չի փոխվել` միանշանակ ունենալու ենք բարեկարգ և հարմարավետ դպրոցներ մեր երեխաների կրթությունը լիարժեք կազմակերպելու համար։ Ձեզ մնում է շինարարական աշխատանքները իրականացնել նաև եղանակային պայմանները հաշվի առնելով, քանի որ Աշոցքում ձմեռն ավելի շուտ է գալիս։ Պետք է բացառել եղանակով պայմանավորված անորակ շինարարությունը։ Մեզ պետք են որակով, անգամ աննշան թերացումներից զերծ դպրոցներ, կրթահամալիրներ, մանկապարտեզներ և, առհասարակ, որակով արված շինարարություն»։
65 աշակերտ ունեցող դպրոցը, շինարարական աշխատանքների պատճառով, ժամանակավորապես տեղակայվել է Մուսայելյան բնակավայրի վարչական շենքում։ Դպրոցը կլաստերային է և նախնական տվյալներով միանալու են 4 դպրոցներ՝ Հարթաշենի, Փոքր Սարիարի, Ձորաշենի և Կաքավասար դպրոցները։
Այնուհետև պատասխանատուները հետևել են Բավրայի կրթահամալիրի կառուցման աշխատանքերին։ 144 տեղ հզորությամբ կրթահամալիրը կառուցվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ 1 մլրդ 212 մլն ծրագրային արժեք ունեցող կրթահամալիրի շինաշխատանքներն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ 98 մլն 680 հազար դրամի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
98 մլն 680 հազար դրամ ծրագրային արժեքով ընթացքի մեջ են նաև «Աշոցքի միջնակարգ դպրոցի» վերանորոգման աշխատանքները։ Համայնքային այցի շրջանակներում դիտարկվել է 2025-ին մեկնարկած դպրոցի շինաշխատանքների ընթացքը ևս։
Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մազպետն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Աշոցքի համայնքապետարանի պատասխանատուների և վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող աշխատանքներին, պատասխանատու կառույցների համագործակցությանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, սեփական եկամուտների հավաքագրմանը։
«Շատ կարևոր է, որ մեր բնակիչները տեսնեն, որ իրենց վճարած հարկերը տեղ են հասնում, վճարած գումարը դառնում է ասֆալտ, դպրոց, ենթակառուցվածք, ապա առավել պատրաստակամությամբ կվճարի գումարները։ Շատ կարևոր հանգամանք է սեփական եկամուտների հավաքագրումը և վարչական ղեկավարները դրան պետք է մեծ ուշադրություն դարձնեն։ որպես վարչական ղեկավարները լուրջ գործառույթներ ու պատասխանատվություն ունեք և ձեր աշխատանքից շատ բան է կախված՝ տեղային վերահսկողությունից, մինչև առկա խնդիրների բարձրաձայնումը։ Ես, որպես մարզպետ, ձեր կողքին կանգնած եմ, դուք ևս տեղում եղեք շինարարության վերահսկող, վստահ եղեք, որ յուրաքանչյուր խնդրի հարցում անվերապահ ձեր աջակիցն եմ լինելու և մինչև վերջ գնալու եմ խնդիրների լուծման ճանապարհով։ Ուրախ եմ, որ համայնքի ղեկավարը ևս ձեր կողքին է և անում է հնարավորը Աշոցքն օր առաջ առավել բարեկարգ ու կառուցապատված լինելու համար»,- նշել է մարզպետը՝ բարձր գնահատելով Աշոցք համայնքի ղեկավարի աշխատանքը թե պետականաշինության, թե պետական սահմանները պահպանելու գործում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր, մարզպետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 16:03:57