Նորություններ
Աշոցքում Շիրակի մարզպետն այցելել է համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների
12.09.2025
Աշոցքում Շիրակի մարզպետն այցելել է համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների։
Դավիթ Առուշանյանը եղել է Շիրակի մարզի Աշոցք համայնքի Գոգհովիտ բնակավայրում գործող բազալտի արտադրամասում։ «Դավիթ Մխիթարյանը» քարի վերամշական ամենամեծ ընկերություններից է Հայաստանում, հիմնադրվել է 2023 թվականին և զբաղվում է բազալտե և տուֆե սալիկների, եզրաքարերի արտադրությամբ։
Շիրակի մարզպետը արտադրամասի սեփականատիրոջ ուղեկցությամբ շրջել և ծանոթացել աշխատանքներին, հետաքրքրվել անելիքներով ու առաջիկա ծրագրերով։
Սեփականատերը մարզպետի հետ զրույցում գոհունակությամբ փաստել է, որ կարողացել է ընդլայնել գործունեությունն ու կայանալ Կառավարության աջակցության շնորհիվ՝ «ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում ձեռք են բերել 5 հաստոց՝ յուրաքանչյուրը 40 մլն դրամ արժողությամբ։
Հաջորդ կանգառը Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրում գործող պանրի գործարանն է եղել։ Տնօրեն Գեորգի Բաղդասարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է գործարանում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, արտադրատեսականուն։ Գործարանի կողմից արտադրվող յոթ տեսակի պանիրը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանվում արտերկիր, մասնավորապես, ԱՄՆ։ Տարեկան արտադրում են շուրջ 200 տոննա պանիր։
Գործարանն օգտվել է Կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» և «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի» պետական աջակցության ծրագրերից։
«Շատ կարևոր է, որ մեր գյուղացիական տնտեսություններն ու տնտեսվարողները մաքսիմալ տեղեկացված լինեն պետական աջակցության ծրագրերից, ինչը հնարավորություն կտա նրանց գործունեությունն ընդլայնել, առավել հաստատուն քայլերով առաջ շարժվել, հատկապես, որ Կառավարությունը հսկայական միջոցներ է կենտրոնացնում տնտեսվարողներին աջակցելու նպատակին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Պատասխանատուները Թավշուտ բնակավայրում այցելել են Սաղաթել Մուրադյանին պատկանող անասնագոմ։
Սեփականատերը նշել է, որ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 19 գլուխ տոհմային երինջներ, օրական կաթի միջին արտադրությունը կազմում է շուրջ 200 լիտր։ «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում տնտեսվարողը ձեռք է բերել «Բելառուս» մակնիշի տրակտոր։ Օգտվել է նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից, վարկավորման միջոցով վերակառուցման աշխատանքներ է կատարել անասնագոմում։ Մշակում է շուրջ 100 հա հող մասնավորապես՝ վարսակ, առվույտ, կորնգան, գարի և ցորեն։