Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է «Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավարին
14.09.2025
Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կկայանա Գյուրջիևի միջազգային գիտաժողովը, եզրափակիչ օրը` համերգ Գյումրու Սև Բերդում` «Գյուրջիև» անսամբլի մասնակցությամբ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հյուրընկալել է կազմակերպիչներին` «Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանին,
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Պիտեր Քաուին և նրա տիկնոջը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Գեորգի Գյուրջիևին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր։
«Գեորգի Գյուրջիևը 20-րդ դարի մեծագույն մտածողներից էր, որի գաղափարները խորապես ազդել են հանրաճանաչ մտավորականների գործունեության վրա։ Վստահ եմ` ձեր կազմակերպած գիտաժողովը և Գյուրջիևյան օրերը Հայաստանում կնպաստեն նրա ժառանգության նորովի ընկալմանը, իսկ Գյումրին՝ որպես նրա ծննդավայր, միջազգային հետաքրքրության տիրույթում կլինի։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ և անել հնարավորը Գյումրիում կայանալիք միջոցառումները անմոռանալի ու մասշտաբային դարձնելու հարցում»։
Նշենք, որ գիտաժողովի եզրափակիչ օրը` սեպտեմբերի 20-ը, նվիրված է Գյումրուն․ մասնակիցները կայցելեն Գյուրջիևի հայրական տունը և հոր գերեզմանը, Սև Բերդում կկայանա դասախոսություն, իսկ ժամը 17.00-ին համերգ` «Գյուրջիև» անսամբլի մասնակցությամբ։ Համերգի մուտքը բաց է և մուտքն ազատ է։
«Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում և Գյումրիում կազմակերպվել է Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի կողմից։ Գիտաժողովի համահիմնակիցներն են Երևանի պետական համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտը՝ Լոս Անջելեսի «Ջորջ Իգնատիուս» հիմնադրամի աջակցությամբ։ Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ ու արվեստագետներ աշխարհի ավելի քան տասը երկրներից։