Նորություններ
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
15.09.2025
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, նախարարի տեղակալներ Լևոն Հակոբյանի, Արտակ Ջումայանի, Անի հանայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմերի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարն այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն», շրջել բուժհաստատությունում, ծանոթացել պայմաններին։
Օրերս Շիրակի մարզպետի աշխատակազմի և առողջապահության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնը» համալրվել է 5 մլն 300 հազար դրամ արժողությամբ նոր սոնոգրաֆիայի սարքով։ Սարքի գործարկումը կօգնի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
Այցի շրջանակներում պատասխանատուներն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ եղել են «Արթիկի բժշկական կենտրոնի» նոր կառուցվող շենքի շինհարապարակում։ Շուրջ 3 մլրդ 90 մլն 762 հազար դրամ արժողությամբ ծրագրի պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է։ Կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Պետական բյուջեից 2025-ին հատկացվել է 320 մլն դրամ, ավարտը նախատեսվում է 2027-ին։
Մարզպետն ու նախարարը շինարարի հետ զրույցում կարևորել են աշխատանքներում թերացումների բացառումը, որակով և ժամկետներում իրականացումը, հետևողական լինելը ցանկացած մանրուքի։
Դավիթ Առուշանյանն ու Անահիտ Ավանեսյանը պատասխանատուների հետ այցելել են նաև «Արթիկի բժշկական կենտրոնի» գործող մասնաշենք, որն իրականացնում է տարածաշրջանի ազգաբնակչության հիվանդանոցային բուժօգնությունը։ Այցելության ընթացքում քննարկվել են մինչև նոր մասնաշենքի պատրաստ լինելը՝ բնակչության բուժսպասարկումն անխոչընդոտ ու լիարժեք կազմակերպելուն առնչվող հարցեր։
Այնուհետև մարզպետն ու նախարարն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ եղել են «Ախուրյանի բժշկական կենտրոնում», որը սպասարկում է շուրջ 11 հազար ազգաբնակչություն, շրջել են հիվանդանոցում, պայմաններին ծանոթացել, խոսել առաջիկա անելիքներից ։
Առաջիկայում շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակներում վերակառուցվելու է «Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքը։ 27 հազար ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան», որի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին հիմնանորոգման կարիք ունի և ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Պատասխանատուները շրջել են կառույցում, քննարկել բուժհաստատության վերակառուցման ծրագրի մեկնարկին առնչվող հարցեր։
«Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման նախագիծն առողջապուհության ոլորտի կարևորոգույն նախագծերից մեկն է, ինձ համար խնդիր է հաստատության օր առաջ վերանորոգումը։ Ընթացքի մեջ են նախագծման աշխատանքները, քննարկվում են պոլիկլինիկայի գործունեությունը ժամանակավորապես Գյումրու նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքում կազմակերպելու հարցը։ Այժմ քննարկում ենք Շտապօգնության կայանի և Արյան բանկի ժամանակավոր որևէ կառույցում տեղակայման հարցը։ Ընդհանուր առմամբ, մարզում առողջապահության բնագավառում լուրջ ներդրումներ են արվում, Արթիկում է հսկա կենտրոն կառուցվում, շարունակվելու է Գյումրու ծննդատան շինարարությունը, նորոգվում են ամբուլատորիաներ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Պատասխանատուների հաջորդ կանգառը եղել է Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում»։ Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկային վերջերս 13 մլն 625 հազար դրամ արժողությամբ նոր թվային ռենտգեն ժամանակակից սարք է տրամադրվել, մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության արդյունքում էլ նախարարությունը 6 մլն 590 հազար դրամ ուղղել է բուժհաստատության հատակի և պատերի վերանորոգման նպատակին։
Աշխատանքային շրջայցից հետո մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ։ Դավիթ Առուշանյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ անցկացված քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ընթաքի մեջ գտնվող ծրագրերին, նոր մեկնարկող շինաշխատանքներին ու պատասխանատու կառույցների անելիքներին։