Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մարզի հյուսիսի ամենահեռավոր գյուղեր է այցելել

18.09.2025

 Աղվորիկ, Արդենիս, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ Շիրակի հյուսիսի ամենահեռավոր գյուղեր է այցելել
Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Նոր ձևաչափով հանդիպումների շրջանակում Շիրակի մարզպետի առաջին կանգառը Աղվորիկում է եղել։ Արփի լճից 8-9 կմ արևելք գտնվող Աղվորիկ բնակավայրը մարզկենտրոն Գյումրուց 27 կմ հեռավորության վրա է գտնվում։ Գյուղական գողտրիկ այս անկյունում շուրջ 60 մարդ է բնակվում, հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։
Մարզպետի այցելությունը բնակիչները գնահատելի քայլ են համարել և մարզի ղեկավարի հետ կիսվել են մտահոգություններով ու հոգսերով՝ կարևորելով տրասպորտի հասանելիությունը, սպանդանոց ունենալու և հակակարկտային կայանների տեղադրման հարցը։
«Ես գիտեմ, որ տարիներ շարունակ ձեր հոգսերի ու խնդիրների հետ մենակ եք մնացել, սակայն վերջին տարիներին մեր Կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի պետական աջակցությունն ու ներդրումները հասանելի լինեն ամենահեռավոր գյուղերում անգամ։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվում են բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր, հենց Ամասիայի տարածաշրջանի մի շարք բնակավայրերում առանձին տնտեսություններ՝ օգտվելով գյուղատնտեսության աջակցության տարբեր ծրագրերից կարողացել են ընդլայնել տնտեսությունները, կուզենամ դուք էլ անմասն չմնաք, իսկ եթե որևէ հարցով մարզպետի աշխատակազմը կկարողանա լիազորությունների շրջանակում աջակից լինել ձեզ՝ վստահ եղեք, որ այն չի ուշանա»,- նշել է Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ խնդիրների լուծման ճանապարհով քայլ-քայլ են առաջ գնալու, իսկ այդ ճանապարհին պատրաստ է ձեռք մեկնել բոլոր այն մարդկանց, որոնք դրա կարիքը կունենան։
Ծովի մակարդակից 2050մ բարձրության վրա գտնվող Արդենիս բնակավայրում է եղել մարզպետի ու պատասխանատուների հաջորդ կանգառը։ 80 բնակիչ ունեցող Արդենիսում կարևորել են ջրագծերի վերանորոգումը՝ գնահատելի համարելով այն հանգամանքը, որ պետության հետ համագործակցության արդյունքում շուտով մեկնարկում են վերանորոգման աշխատանքները։ Մարզպետը եղել է նաև Արդենիսի դպրոցում, որն ունի 10 աշակերտ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների ու աշակերտների հետ։ Դպրոցը կլաստերային է և միանալու է Բերդաշենի նոր կառուցվող դպրոցին։
Մարզպետի հաջորդ կանգառը Զորակերտ բնակավայրն է եղել, որտեղ բնակիչների հետ անմիջական զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղի ջրի խնդրին։
«Գիտեմ, որ ձեր բնակավայրում ջրագծերի նորոգման ծրագիր է անցկացվել Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով։ Ուրախ եմ արձանագրել, որ ձեր բնակավայրում և Շաղիկ, Աղվորիկ Ծաղկուտ գյուղերում ևս լուսավորության ցանց է անցկացվել նաև»,- ընդգծել է մարզպետը՝ վստահեցնելով, որ համայնքների առաջնային խնդիրները կլուծեն համատեղ աշխատանքի արդյունքում։
Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից ավելի քան 2100 մետր բարձրության վրա գնտվող Ծաղկուտ բնակավայրում ևս պատասխանատուները հանդիպել են բնակիչերին, լսել նրանց մտահոգությունները, բարձրացրած հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ճանապարհների նորոգմանը, հողերի վարձակալության վճարներին։
Դավիթ Առուշանյանը Ջեմմա Հարությունյանի հետ եղել է նաև Գառանառիճում, այցելել բնակավայրի դպրոց, հանդիպել գյուղի բնակիչների հետ։
Պատասխանատուների վերջին կանգառը Շաղիկ բնակավայրում է եղել, որտեղ ևս մարզպետը լսել է բնակիչներին, զրուցել ու հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներից՝ վստահեցնելով, որ այն խնդիրները, որոնց լուծումը հնարավոր է տեղում կազմակերպել՝ կլուծվեն շատ արագ, իսկ ժամանակ ու մեծ ռեսուրսներ պահանջող հիմնահարցերը կկարգավորվեն քայլ առ քայլ։
Նշենք, որ վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են իրականացվել Ամասիայի գրեթե բոլոր բնակավայրերում։ 2018-ից մինչ օրս Ամասիայում իրականացվել է շուրջ 550 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 289 մլն 176 հազար դրամը Կառավարության տրամադրած գումարն է եղել։

  • Աղվորիկ

Սուբվենցիոն ծրագրերով՝ 28 մլն 842 հազար դրամ

  • Արդենիս

Սուբվենցիոն ծրագրերով՝ 22 մլն 232 հազար դրամ

  • Զորակերտ

Սուբվենցիոն ծրագրերով՝ 11 մլն 61 հազար դրամ

  • Ծաղկուտ

Սուբվենցիոն ծրագրերով՝ 13 մլն 118 հազար դրամ

  • Գառնառիճ

Սուբվենցիոն ծրագրերով՝ 8 մլն 642 հազար դրամ

  • Շաղիկ

Սուբվենցիոն ծրագրերով՝ 5 մլն 99 հազար դրամ
#Աղվորիկ
#Արդենիս
#Զորակերտ
#Ծաղկուտ
#Գառնառիճ
#Շաղիկ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-22 17:58:13