Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
21.09.2025

Հարգելի' հայրենակիցներ,
Սիրելի՛ շիրակցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։
1991 թվականի այս օրը հայ ժողովուրդը վճռեց իր պատմության ընթացքը՝ հաստատելով անկախ պետականություն ունենալու և ամրապնդելու ինքնիշխանության անսասանության իրավունքը։
Անկախությունը մեր բոլորի ձեռքբերումն է, ամենօրյա պատասխանատվությամբ նորոգվող պատմական ձեռքբերում, որ տանում է դեպի ապագա, միևնույն ժամանակ աներեր պատասխանատվություն՝ մեր հայրենիքի ու մարզի, ապագայի ու ամուր պետություն ունենալու հանդեպ։
Ուստի, պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր երկիրն այնպես, ինչպես սիրում ու պահում ենք մեր ընտանիքը։
Յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումն ու աշխատանքը կայուն պետություն, մրցունակ երկիր ունենանլու երաշխիքներից մեկն է։
Մեր սերն ու ջանքերը պետք է ներդնենք հայրենի երկիրը շենացնելու համար, քանզի բարդ ու դժվար ճանապարհ ենք անցել 34 տարիների ընթացքում, տեսել ենք պատերազմներ, կորուստներ, փորձություններ ու մարտահրավերներ։
Այս տոնական օրը խոնարհվում եմ հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակի առջև, նրանց ծնողների ու ընտանիքների առջև, երախտիքի խոսքեր հղում` մեր զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր ամենօրյա գործով պահպանում ու ամրապնդում են մեր պետականությունը։
Թող տոնը ևս մեկ անգամ բոլորիս հիշեցնի, որ միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել խաղաղ, անվտանգ ու զարգացած հայրենիք։
Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, համերաշխություն և բարօրություն։
Տոնդ շնորհավոր Հայաստանի Հանրապետություն։