Նորություններ
Շիրակի մարզպետը էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ հանդիպել է Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին
22.09.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի հետ հանդիպել է Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին, Շիրակի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի իրականացմանը, մարզում անասնագլխաքանակի պատվաստումներին ու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։
«Մեզ համար շատ կարևոր է, որ գյուղի յուրաքանչյուր բնակիչ, գյուղացիական յուրաքանչյուր տնտեսություն լիարժեք տեղեկացված լինի պետական աջակցության ծրագրերի մասին, ինչը հնարավորություն կտա նրանց տնտեսությունը զարգացնել ու առավել մեծ օգուտ ստանալ։ Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա այստեղ կարևոր է, որ թե անասնաբույժները, թե համայնքների պատասխանատուները, թե բնակիչները համագործակցեն»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հորդորելով բոլոր պատասխանատուներին գործակցել և միասնական աշխատանքով հասնել ցանկալի արդյունքների։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկաներին հորդորել է անել հնարավորը կենդանիների պատվաստումային գործընթացում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով։
Այնուհետև Տաթևիկ Սարգսյանը և նախարարության մասնագետները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին։