Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետին

24.09.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նոր ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությանն ու մարզային վարչության առաջիկա համալրման հետ կապված, ինչպես նաև Շիրակի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու օրենսդրությամբ նախատեսվող քայլերի իրականացմանն առնչվող հարցերի։
«Շիրակի մարզն առանձնահատուկ կենսաբազմազանություն ունի, կենդանական ու բուսական աշխարհի բացառիկ տեսակներ, որոնց պահպանության ու վերարտադրության ապահովումը բոլորիս գերխնդիրն է ու պարտականությունը։ Անչափ կարևոր է, որ այս առումով կա մեր Կառավարության սկզբունքային մոտեցումը, օրենսդրական նախաձեռնությամբ և հստակ օրակարգային քայլերով պայքար է մղվում անտառների պահպանության, բնապահպանական իրավիճակի բարելավման համար։ Շիրակի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստ է համագործակցության և կանի հնարավորը էկոպարեկային ծառայության՝ նոր ձևավորվող մարզային ստորաբաժանման աշխատանքների լիարժեք իրականացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Էկոպարեկային ծառայության պետը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ կարևորում է գործընկերային հարաբերությունները, քանզի արդյունավետ համագործակությամբ հնարավոր կլինի ձեռքբերումներ գրանցել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում։ Վլադիմիր Կիրակոսյանը նաև ներկայացրել է ծառայության Շիրակի մարզային վարչության առաջիկա համալրման աշխատանքների հետ կապված մանրամասներ՝ նշելով, որ 100-ից ավելի նոր աշխատատեղեր են բացվելու՝ կարևորելով համալրման գործընթացի և առհասարակ մարզային վարչության աշխատանքների մասով հանրության տեղեկացվածությունը։
Նշենք, որ Շիրակի և Արագածոտնի մարզերը միասին մեկ վարչություն է համակարգելու աշխատանքները։ Ծառայության խնդիրներն են լինելու պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը, օրենսդրության խախտումների հայտնաբերումը, կանխումն ու կանխարգելումը։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57