Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
01.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ Գյումրու Բարեկամության այգում ներկա է գտնվել «Տարիքն իմ ուժն է, ոչ թե սահմանը» խորագիրը կրող Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Մինչ միջոցառումը մարզպետը շրջել, զրուցել է տարեցների հետ, ովքեր պատմել են անցած ճանապարհից, հետաքրքիր հիշողություններով կիսվել մարզպետի հետ և շնորհակալություն են հայտնել ներկայության ու ջերմ վերաբերմունքի համար։
Դավիթ Առուշանյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին այս առանձնահատուկ օրվա առթիվ, կարևորել նրանց փորձն ու տարիների վաստակը երիտասարդ սերնդի կայացման, մեր երկրի զարգացման գործում․ «Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորոնքները օրվա առթիվ։ Դուք մեծ ավանդ ունեք Հայաստանի զարգացման գործում, ստեղծել ու արարել եք մեր երկրի, մեր մարզի ու մեր քաղաքի համար։ Իհարկե գիտեմ, որ շատ բարդությունների միջով եք շատերդ անցնում, կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեր Կառավարությունը հնարավորությունների սահմաններում անում է հնարավոր ամեն ինչ ձեր կյանքն առավել լավը դարձնելու, վաստակած ծերությունն արժանապատիվ անցկացնելու համար։ Ձեր ներդրման ու ավանդի համար, ձեր յուրաքանչյուրի աշխատանքի ու վաստակի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նաև «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» կազմակերպություններին՝ նման միջոցառում կազմակերպելու համար։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք, մեր ավագ սերնդին առողջություն, անհոգ ու երկար տարիների կյանք»։
Նշենք, որ միջոցառումն իրականացվել է «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների և Գյումրու «Բարեկամության» այգու հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արժևորել տարեցների ներդրումն ու դերը: Միջոցառմանը մասնակցել են ինչպես Գյումրու, այնպես էլ Երևանի ու Վանաձորի տարեցները։ Տեղի է ունեցել նաև ցուցահանդես-վաճառք, կազմակերպվել են սեղանի ժամանցային խաղեր, անցկացվել է նարդու մրցաշար։ Ելույթ են ունեցել «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների երգչախմբերը։