Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է մարզի ամենաերկարակյաց կանանց
01.10.2025
Տարեցների միջազգային օրը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Պապիկյանի հետ այցելել է մարզի ամենաերկարակյաց կանանց։
Շիրակի ամենաերկարակյաց մարդը մասնագիտությամբ դերձակ Մարգարիտ Զաքեյանն է։ Ապրիլին Մարգարիտ տատը բոլորել է 103 տարին։ Երկու որդի, 6 թոռ և 8 ծոռ ունի նա։ Մարզպետի հետ զրույցում հուզվում է, ասում՝ չէր էլ պատկերացնի, որ այսքան ապրելու է, բայց միևնույն ժամանակ հավատացնում է՝ ծոռներն են ապրելու և նոր ուժ ստանալու աղբյուրն իր համար։
Մարզպետը շնորհավորել է տատիկին ու ընդգծել, որ առանձնահատուկ ոգևորությամբ է այցելել նրան․ «Ուրախ եմ, որ առիթ ունեցա Ձեզ հետ ծանոթանալու, Ձեր մեջ այնքան դրական էներգիա կա, բարիություն և սեր դեպի ձեր ընտանիքն ու մեր երկիրը, որ մենք էլ ենք հավատով ու վստահությամբ լցվում»։
Մասնագիտությամբ մանկավարժ Գոհարիկ Պողոսյանը դեկտեմբերին կդառնա 100 տարեկան, լսողությունն ու տեսողությունը ծանրացել է, բայց ոչ հիշողությունը, հիշում է բոլոր թոռների, ծոռների անունները։ Մարզպետի հետ զրույցում հավատացրել է, որ կարող է անգամ տասնամյակներ առաջ դասվանդած աշակերտների անուններն էլ հիշել։ Երկարակեցության գաղտնիքը Գոհարիկ տատը լավ ընտանիքն ու լավ երեխաներ ունենալն է համարել։
Դավիթ Առուշանյանն ու Գոհարիկ տատը ջերմ ու անմիջական զրույցի են բռնվել, տատը պատմել է անցած կյանքից ու նշել, որ մի ողջ կյանք ապրել է խաղաղություն ու սեր տարածելով իր ազգի ու բարեկամների մեջ, երբեք չի սիրել կռվել ու անհաշտություն ունենալ, իր զավակներին դաստիարակել է նույն սիրով ու ջերմությամբ։
«Մեծին գնահատողը մեծ կդառնա, ապրեք, որ մեզ չեք անտեսել, գիտեմ, որ զբաղված եք, աշխատանքի մեջ եք, բայց եկաք ու այսքան ջերմությամբ զրուցեցինք իրար հետ, թող Աստված ձեզ ուժ ու կորով տա, իմ տատերի օրհնանքն եմ Ձեզ հղում՝ մի ձեռքդ մյուսի հույսին չմնա, այսինքն առողջ լինեք, երբեք կարիք ու խնդիր չունենաք»,- ասել է Գոհարիկ տատն ու օրհնանքով ճանապարհել հյուրերին։