Նորություններ
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Արդարադատության նախարարը
08.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում գտնվող Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, պատասխանատու պաշտոնյաների հետ նախարարն ու մարզպետը «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված մարզասենյակին, գրադարանին, հանգստի սենյակին, խցերին։ Նախարարն ու մարզպետը զրուցել են դատապարտյալների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները, այցելել կարանտինային մասնաշենք, ինչպես նաև ծանոթացել կարճատև և երկարատև տեսակցության սենյակային պայմաններին, մանկական խաղասենյակին։
Այնուհետև Դավիթ Առուշանյանն ու Սրբուհի Գալյանն այցելել են Հայաստանի ազգային արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղ, ծանոթացել գործունեությանն ու պայմաններին: Այստեղ պահվում է 132 հազար 220 տարատեսակ արխիվային փաստաթղթեր Գյումրուց, Աշոցքից, Ամասիայից և Ախուրյանից, իսկ Արթիկի և Անիի տարածաշրջանների արխիվային փաստաթղթերը տարածքային արխիվներում են պահվում։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացին, ինչը կբերի աշխատանքի բեռնաթափմանը, ռեսուրսների խնայողությանն ու աշխատաժամանակի օպտիմալ օգտագործմանը։
Նախարարն ու մարզպետը եղել են նաև Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, հետևել ՔԿԱԳ և Պետական ռեգիստրի գործակալության սպասարկման տարածքների աշխատանքին, որից հետո այցելել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին և Պրոբացիայի ծառայություն։ Պատասխանատուները շրջայց են կատարել ծառայություններում, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին։
Շրջայցի ավարտին Արդարադատության նախարարի և Շիրակի մարզպետի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ծառայությունների ղեկավարների հետ։
Խորհրդակցության մասնակիցներին ողջունելով՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է համատեղ աշխատանքի կարևորությանն ու քաղաքացիների հետ աշխատանքի որակի բարձրացմանը․ «Տիկին նախարար, ուրախ եմ ձեզ մեր մարզում տեսնելու, կարևոր է, երբ պատասխանատուներն ու վերադասը տեղում հետևում են ծառայությունների աշխատանքին, սա հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացում ունենալ իրավիճակի վերաբերյալ, համադրել փորձն ու քաղաքականությունը, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել աշխատանքների արդյունավետության բարձրացման և ծառայությունների որակի բարելավման համար։ Մեզ համար առաջնայինը քաղաքացիների սպասարկումն է, նրանց մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, այս հարցերում պատրաստ ենք լիազորությունների և հնարավորությունների սահմանում աջակցել տեղում իրականացվող աշխատանքներին»։
Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ինքը ևս առանձնակի կարևորություն է տալիս քաղաքացիների պատշաճ սպասարկմանը․ «Պարոն մարզպետ, մեր շրջայցի ժամանակ մի միտք ասացիք, որի հետ լիարժեք համամիտ եմ՝ խնդիրների լուծման հարցում պետք է միասնական լինենք, այս մոտեցման հետ համաձայն եմ և վստահեցնում եմ, որ մեր աշխատանքի հիմքը ևս քաղաքացիների հոգսերի թեթևացումն է, ներկաներին ևս հորդորում եմ ու նրանցից պահանջում՝ արեք հնարավորը քաղաքացիների սպասարկումը անխոչընդոտ կազմակերպելու համար, ինձ համար կարևորը մեր աշխատակիցների կիրթ, բարեվարք, գիտելիքով զինված ու պատասխանատու լինելն է, այս կերպ միայն կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած հարցերը»։
Նախարարն անդրադարձել է նաև համակարգում առկա անելիքներին ու ոլորտի ռազմավարական կարևորության ծրագրերի հանրայնացմանը՝ ակնկալելով մարզպետի աշխատակզմի հետ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը։