Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

08.10.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանի գլխավորած պատվիրակությանը։
Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերին, կարևորել Հայաստանի և Քուվեյթի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմն ու ինքն անձամբ ջանք չեն խնայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրատեսական նախաձեռնություններ կյանքի կոչելու համար։
Մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզն ու պատմել մարզի առանձնահատկությունների, առավելությունների մասին՝ խոսելով Շիրակի ներուժի մասին և անդրադառնալով տարբեր ոլորտներում ձեռքբերումներին ու անելիքներին։
«Շիրակը, մասնավորապես, Գյումրին պայքարելու, վեր հառնելու, առաջ գնալու և ուժեղ լինելու խորհրդանիշ է, չնայած անցած դժվարին տարիներին մենք կարողացել ենք մեջք շտկելով քայլել առաջ և ունենալ ձեռքբերումներ։ 2018-ից հետո Կառավարությունը 75-80 մլրդ դրամի ներդրում է կատարել մարզում, նորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ, արվել է հնարավորը մարդկանց կյանքի որակը բարելավելու համար։ Աշխատանքներ այժմ էլ իրականացվում են, անելիքներ դեռ շատ ունենք, սակայն կամք ու պատրաստակամություն էլ ունենք»,- ընդգծել է Շիրակի մարզպետը՝ ներկայացնելով հյուսիսային Շիրակի զբոսաշրջային առավելությունները, լոգիստիկ հնրավորություններն ու համագործակցության հնարավոր բնագավառներին անդրադարձել։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Շիրակի մարզով, իսկ Գյումրին անչափ շատ է հավանել․ «Պարոն մարզպետ նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել անմիջական հանդիպման ու զրույցի համար, պետք է նաև ընդգծեմ, որ հասցրել եմ Գյումրին սիրել, դուք ճիշտ եք՝ Գյումրին պատմություն է ու ճարտարապետություն, վստահ եմ մենք համատեղ կկարողանանք նոր նախաձեռնություններով հանդես գալ ու կյանքի կոչել դրանք մեր լիազորությունների շրջանակում»։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակով ապակենտրոնացված համագործակցության առումով քայլեր ձեռնարկելն ու տարբեր բնագավառներում համագործակցելը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57