Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը
10.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի 3-րդ եռամսյակի կատարման ցուցանիշները։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զերկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 79,5 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 71.8 տոկոս, Գյումրի համայնքը չի ապահովել մարզի միջին ցուցանիշը, սեփական եկամուտները կատարել է 75.3 տոկոս:
Շիրակի մարզպետը եկամուտների հավաքագրման ցուցանիշը ոչ միայն գոհացուցիչ չի համարել, այլև մտահոգող է որակել՝ նշելով, որ համայնքների ղեկավարները հստակ անելիք ունեն առաջիկա երկուսուկես ամիսը։
«Հանուն արդարության պետք է փաստեմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել գումար ենք հավաքագրել, սակայն 79,5 տոկոսը երեք եռամսյակների հավաքագրման ցուցանիշն է, այնինչ տարեկանի նկատմամբ հավաքագրումը կազմում է ընդամենը 56 տոկոս, ընդհանուր սեփական եկամուտների 44 տոկոսը մարզի համայնքները պետք է հավագրեն առաջիկա երկուսուկես ամսում։ Սա նշանակում է ամենօրյա աշխատանք անելու անհրաժեշտություն կա, ավելորդ անգամ չեմ ուզում որևէ մեկին հիշեցնել, որ եկամուտների հավաքագրումը համայնքների ուղիղ պարտականությունն է, իսկ այդ գումարները համայնքների զարգացման կարևոր նախապայման են»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ հորդորելով բնակիչներին լինել պարտաճանաչ ու պատասխանատու, իսկ համայնքային պատասխանատուներին՝ հետևողական ու հոգացավ աշխատանքում։
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է նաև քամու հետևանքով վնասներ կրած համայնքների բնակիչներին տրված փոխհատուցումների բաշխմանն ու համայնքների ղեկավարներին հանձնարարել ուշադրություն դարձնել համատիրությունների աշխատանքին՝ թերացումները բացառելու և բնակիչների դժգոհություններից զերծ մնալու համար։
«Կառավարությունը բավական միջոցներ է հատկացրել բնության պատճառած վնասների փոխատուցման նպատակով, մնում է պատասխանատուները տեղում վերահսկեն աշխատանքները, նույն կերպ պետք է աշխատել նաև կարկտահարության վնասների մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացման ժամանակ, կարգը երեկ Կառավարությունը հաստատեց, ըստ նախատեսվածի, քայլ առ քայլ պետք է հավաքագրենք փաստաթղթերն ու այդ աշխատանքներում ևս ակնկալում եմ համայնքապետարանների անաչառ, օպերատիվ ու թափանցիկ աշխատանքը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանի ներկայացրած տվյալներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 11 դպրոցների և 2 մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 20 մլրդ 674 մլն 272 հազար դրամ արժեքով։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ավարտին են մոտենում 27 դպրոցների վերանորոգման աշխատանքներ։ Ընդհանուր 6 մլրդ 109 մլն 563 հազար դրամ արժեքով։ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականացնել Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։
«Պարբերաբար խոսվում է համայնքների ֆինանսավորման մասին, մասնավորապես Գյումրու, ես ինքս էլ համաձայն եմ, որ այն գումարները, որոնք Կառավարությունն ու համայնքային բյուջեն հատկացնում են Գյումրուն՝ նրա առջև ծառացած խնդիրների լիարժեք լուծման առումով բավարար չեն, բայց քիչ էլ չեն։ 2018թ-ից հետո 22 մլրդ դրամի դոտացիա է եկել, դոտացիան կրկնապատկվել է 2018-ին եղել է 1,9 մլրդ, 2025-ին արդեն 4 մլրդ է դարձել և շարունակելու է աճել։ 2018-ից հետո 12 մլրդ 600 մլն սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Գյումրիում, 2018-2025 թթ․ 45 մլրդ 700 մլն կապիտալ շինարարություն է իրականացվել Գյումրիում, իսկ ընդհանուր մարզում 75 մլրդ-ից ավել դրամի կապիտալ շինարարությւոն է իրականացվել, 27 մլրդ 600 մլն-ից ավել էլ սուբվենցիոն ծրագրեր են կյանքի կոչվել։ Բնականաբար այս թվերը խոսում են կրկնակի ու եռակի աճի մասին, բայց այն խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում մեր համայնքներում, բնականաբար ամբողջական լուծման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք։ Ծավալները շինաշխատանքների շատ մեծ են, մենք անում ենք հնարավորը՝ վերահսկողությունը պատշաճ իրականացնելու համար, միշտ ասել եմ որակի առումով՝ անորակ շինարարություն չի ընդունվելու, մենք աշխատում ենք լինել բոլոր շինհրապարակներում, հորդորում և պահանջում եմ համայնքներից, որ դուք ևս լինեք հետևողական, համագործակցեք թե մեր աշխատակազմի, թե տեսչական մարմինների հետ, հոգացավ ու հոգատար վերաբերմունքը ձեր աշխատանքի կարևորագույն մասն է, իսկ մենք ձեր կողքին ենք, որպեսզի պետական բոլոր միջոցները նպատակային օգտագործվեն»։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրել է համայնքներում 2025 թվականին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին՝ նշելով, որ 2025 թվականին ներկայացվել է 38 ծրագիր 132 ենթածրագրերով, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 11 մլրդ 933 մլն 561 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը 53.6 տոկոս է։ Հաստատվել է 18 ծրագիր 80 ենթածրագրերով։
Օրակարգային վերջին հարցը վերաբերվել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Զեկուցող աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշել է, որ 2024-2025 թվականների բերքի տակ կատարվել է է 11144 հա աշնանացան հացահատիկ, ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագրից օգտվել է 1987 շահառու։ «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում 2025 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 1888 կովի արհեստական սերմնավորում, որի փոխհատուցման գումարն ընդհանուր կազմել է 18 մլն 880 հազար դրամ։




















