Նորություններ
Շիրակի մարզպետն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահը քննարկել են Գյումրիում զբոսաշրջության արդի վիճակին վերաբերող հարցեր
11.10.2025
Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում զբոսաշրջության արդի վիճակի, խոչընդոտների ու թերացումների, զբոսաշրջային ռազմավարության առաջնային ուղղությունների ու դրանց զարգացման հեռանկարների, գործնական նախաձեռնությունների ու համագործակցության հնարավորությունների մասին են այսօր քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Շիրակի մարզում զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, կարևորել նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային բնագավառներից է, որի ներուժը պետք է լիարժեք բացահայտել և օգտագործել, իսկ Շիրակի մարզն, ըստ Դավիթ Առուշանյանի, ունի այն ներուժը՝ լոգիստիկ առավելություններով, պատմամշակութային արժեքների բազմազանությամբ, գաստրո և ագրոտուրիստական հնարավորություններով, որոնք պետք է օգտագործել և զարգացնել։
«Առիթ ունեցել եմ ասելու, որ Շիրակի մարզի, Գյումրու զբոսաշրջությունը ինչքան էլ արագ զարգացել է, սակայն այդ զարգացումը որպես մեծ խարույկ եթե դիտարկենք, ապա այն վառ պահելու համար միշտ պետք է փայտ գցել այդ կրակի մեջ, քանի որ ինչքան էլ Գյումրին սիրուն լինի, հետաքրքիր լինի, լավ թանգարաններ ունենա, միևնույնն է՝ զբոսաշրջիկը 5-6 անգամ նույն տեղը հազիվ թե այցելի, ուրեմն պետք է անել հնարավորը համատեղ աշխատանքով, որ կրակը երբեք չթուլանա։ Մարզպետի աշխատակազմը զբոսաշրջության բնագավառում ունեցած սահմանափակ լիազորություններով անգամ, պատրաստ է լինել կապող օղակ տեղի ընկերությունների ու պետության միջև՝ համագործակցության ամրապնդման, նոր նախաձեռնություններ իրականացնելու համար և փորձում է ամեն ինչ անել, որ զբոսաշրջության զարգացումը շատ ավելի արագ լինի, քան բնականոն ճանապարհով է ընթանում»,- նշել է մարզպետը՝ կարևորելով անկաշկանդ զրույցն ու հետաքրքրող ցանկացած հարցի բարձրացումը, ցավոտ խնդիրների քննարկումը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ընդգծելով Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդման անհրաժեշտությունը, նշել է, որ կոմիտեն արդեն մշակել է 2026-2030 թթ․ ՀՀ զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, որը ներկայացվել է Կառավարության քննարկմանը։ Ռազմավարության մեջ հիմնական երեք ուղղությունները պատմամշակութային, գաստրո և արկածային տուրիզմներն են, դրանցից հետո կարևոր ուղղություններ են համարվում բժշկական և ագրոտուրիզմները։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ իրականացվող «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրին», որում որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել է նաև Գյումրին։ 120 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրով քայլեր են ձեռնարկվելու յոթ առաջնահերթ կլաստերների զարգացման համար՝ կայուն, ներառական և կլիմայական, ինչպես նաև բնական աղետների հանդեպ ճկուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և միջամտությունների իրականացմամբ։
Հանդիպման ընթացքում ներկաները պատասխանատուների հետ քննարկել են մտահոգությունները, բարձրացրել խնդիրներ, տվել հետաքրքրող հարցերը, ստացել՝ պարզաբանումներ:
Դավիթ Առուշանյանն ու Լուսինե Գևորգյանն այցելել են նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, ներկա գտնվել ջազ համերգին։




















