Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում եղել է Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում
15.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում այսօր եղել է Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում։
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Նոր ձևաչափով հանդիպումների շրջանակում, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների առաջին կանգառը եղել է Բերդաշեն բնակավայրում։
Գյումրուց 38 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Բերդաշենում ընթացքի մեջ են դպրոցի շինաշխատանքները, դրանց հապաղման ու առաջացած հարցերի շուրջ է մարզպետն այսօր խոսել շինհրապարակ այցելության ընթացքում՝ կարևորելով պետական միջոցների նպատակային ծախսումը։
Բերդաշենում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Դավիթ Առուշանյանը բնակիչների հետ զրուցել է նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, լսել մտահոգությունները։
«Կառավարությունը վերջին մի քանի տարիներին հստակ քաղաքականություն է իրականացնում գյուղատնտեսության զարգացման, պետական աջակցության ծրագրերի իրականացման առումով։ Ուզում եմ, որ դուք էլ լինեք հետևողական, ծանոթանաք, օգտվեք պետության կողմից իրականացվող ծրագրերից և ընդլայնեք ձեր տնտեսությունները, այս հարցում մենք պատրաստ ենք ձեզ աջակցել ու լիազորությունների շրջանակում սատար կանգնել խնդիրների լուծման ճանապարհին։ Վստահ եղեք՝ հոգսերի հետ մենակ չեք և մեզ համար Շիրակի մարզի բոլոր բնակավայրերի բնակիչների կյանքի որակի բարելավումն առաջնային անելիքներից է»,- նշել է մարզպետը՝ կարևորելով այն հանգամանքը, որ անցած մի քանի տարում բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի միջոցով լուծվել է փողոցային լուսավորության, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի խնդիրները։
Պատասխանատուների հաջորդ կանգառը եղել է Ալվարում։ Ամասիայի այս բնակավայրը ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա է գտնվում, գյուղում գրանցված 3 տասնյակից ավելի տնտեսությունները ևս անասնապահությամբ են հիմնականում զբաղվում։ Բնակիչները մարզպետի հետ զրույցում խոսել են ճանապարհների ու տրանսպորտի խնդրից։
Զարիշատում հանդիպման ժամանակ ևս գյուղի բնակիչները մարզպետի հետ զրուցել են իրենց հոգսերից ու հետաքրքրվել համայնքում իրականացվելիք ծրագրերից՝ ընդգծելով, որ վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով նոր ջրագիծ է կառուցվել բնակավայրում, անցկացվել է լուսավորության նոր ցանց, նորոգվել համայնքային կենտրոնը, իսկ կապիտալ ծրագրով՝ դպրոցի տանիքը, դռներն ու պատուհանները։
Մարզպետի գլխավորությամբ պատասխանատուները եղել են նաև Ամասիայում, այցելել նոր կառուցվող կրթահամալիրի շինհրապարակ, մշակույթի տուն, մարզադպրոց և մանկապարտեզ։ Մարզպետը շրջել է հաստատություններում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել բարձրացրած հարցերը։
«Ինձ համար առանձնակի կարևոր է, որ մեր հեռավոր համայնքներում թե մշակութային, թե մարզական կյանքը ակտիվ լինեն, էլ չեմ խոսում նախադպրոցական կրթության մասին, ընդհանրապես կրթական ու առողջապահական հաստատությունների անխոչընդոտ գործունեության, մատուցվող ծառայությունների որակի ապահովման մասին։ Դրական տեղաշարժ մենք նկատում ենք այս բնագավառներում, սակայն անելիքներ դեռ շատ ունենք»,- հանդիպումների ժամանակ նշել է Դավիթ Առուշանյանը։
☑Ամասիայում մարզպետն առանձին հանդիպել է նաև բնակիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերը, տվել պարզաբանումներ, խոսել քաղաքաշինական ծրագրերից ու առաջիկա անելիքներից։ Դավիթ Առուշանյանը կարևորել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնահարցերի լուծումը՝ սուբվենցիոն ծրագրերը համարելով համագործակցության լավագույն օրինակ։
Դավիթ Առուշանյանը եղել է նաև Բանդիվան բնակավայրում, հանդիպել ինչպես դպրոցի աշխատակիցներին, այնպես էլ բնակիչներին։
Այցելություն է եղել նաև Հովտուն բնակավայր, մարզպետը լսել է բնակիչների մտահոգությունները, որոնք առնչվել են բնակավայրի գազաֆիկացմանը՝ վստահեցնելով, որ համայնքի հետ համագործակցության Կառավարությունը միջոցներ կհատկացնի խնդիրների լուծմանը։
Բերդաշեն
Սուբվենցիոն ծրագրերով՝ 58 մլն 18 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 707 մլն 230 հազար դրամ
Ալվար
Կապիտալ ծրագրերով՝ 12 մլն 840 հազար դրամ
Զարիշատ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 21 մլն 680 հազար դրամ
Ամասիա
Սուբվենցիոն ծրագրերով՝ 398 մլն 465 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 2 մլրդ 45 մլն 313 հազար դրամ
Բանդիվան
Սուբվենցիոն ծրագրերով՝ 9 մլն 975 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 33 մլն 865 հազար դրամ
Հովտուն
Սուբվենցիոն ծրագրերով՝ 2 մլն 775 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 19 մլն 200 հազար դրամ
#Բերդաշեն
#Ալվար
#Զարիշատ
#Ամասիա
#Բանդիվան
#Հովտուն






































