Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ամփոփելու Ամասիայի բնակավայրեր այցելությունները
22.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ամփոփելու Ամասիայի բնակավայրեր այցելությունները
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Շիրակի մարզպետը եղել է Ամասիայի բոլոր բնակավայրերում, հանդիպել ու լսել բնակիչներին, յուրաքանչյուր բնակավայր նախանշել է իր առաջնահերթությունը, ամեն մեկը ներկայացրել՝ հոգսն ու խնդիրը։
«Ես այնքան տպավորված եմ մեր այցելություններով, կրկին ու կրկին համոզվեցի, որ տեղում մարդկանց հետ հանդիպելը, քաղաքացիների մտահոգությունները անմիջական շփումների ժամանակ լսելը, աչքով տեսնելն առավել քան կարևոր է։ Եվ կարևորն ինձ համար այն է, որ մեր բնակավայրերում ապրողները այնքան անմիջականորեն են ներկայացնում դարդ ու ցավը, խոսում տասնամյակներ չլուծված հոգսերից, որ հասկանում ենք՝ նրանց համար կարևորը լսված լինելն է, հոգացավ ու հոգատար վերաբերմունքը, ուրեմն մեր բոլորի պարտականությունն ու պատասխանատվությունն է անել հնարավորը բարձրացրած հարցերը լուծելու համար»,- նշել է մարզպետը՝ առանձին-առանձին քննարկելով յուրաքանչյուր բնակավայրում բարձրացված հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի ամփոփման ժամանակ նշվել է, որ մի շարք խնդիրներ տեղում լուծում են ստացել կամ կարգավորվել են մի քանի օրվա ընթացքում։ Եղել են խնդիրներ, որոնց լուծման համար պետք են թե համայնքի, թե պետության մասնակցությունը։
Ամասիայի գյուղերի բնակիչները բարձրացրել են ճանապարհների հիմնանորոգմանը, վերանորոգմանն ու բարեկարգմանը, ջրագծերի փոփոխմանը, գազաֆիկացմանն առնչվող հարցեր։ Դժգոհություններ են եղել նաև տրանսպորտի աշխատանքի բարելավման առումով, մարզպետին բնակիչները դիմել են նաև անձնական հարցերով ու տեղային խնդիրներով։
«Շատ կարևոր է, որ մեր այցելությունների արդյունքները տեսանելի լինեն և բնակիչները հասկանան, որ մենք ուղղակի հանդիպման չենք գնացել։ Ամեն հարցի հետևից պետք է գնանք, ուղենշենք լուծման տարբերակները, գտնենք լուծման համար անհրաժեշտ առաջնահերթությունները այստեղ կարևորը հետևողականությունն է։ Այն հարցերը, որոնք մեր լուծման տիրույթում են՝ պետք է արագ քայլեր ձեռնարկենք կարգավորելու համար, խոսքս հողային հարցերի հստակեցման, փաստաթղթային և նմանատիպ խնդիրներին է վերաբերում, համայնքի լուծման տիրույթում գտնվող խնդիրները պետք է համագործակցության արդյունքում կրկին լուծենք։ Սա վերաբերում է այն հարցերին, որոնք հնարավոր է լուծել համայնքի միջոցներով կամ պետություն-համայնք համագործակցության արդյունքում, իսկ առավել մեծ միջոցներ պահանջող խնդիրների լուծման համար անհարժեշտ է համագործակցել պատկան կառույցների հետ, դիմել նրանց թե գրավոր, թե բանավոր, ներկայացնել հարցի լուման կարևորությունն ու հրատապությունը»,- փաստել է մարզպետը՝ անդրադառնալով արդեն իրականացված պետական ներդրումներին ու կապիտալ ծրագրերին, որոնք այժմ ընթացքի մեջ են։
Ամասիայում 2018-2025թթ իրականացվել են բազմաթիվ կապտիալ ու սուբվենցիոն ծրագրեր, աշխատանքներ են իրականացվել համայնքի բոլոր բնակավայրերում։
Ըստ այդմ՝
Սուբվենցիոն ծրագրերով՝ 704 մլն 518 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 4 մլրդ 518 մլն 565 հազար դրամ








