Նորություններ
Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել 160-րդ տոնական թատերաշրջանի հոբելյանական երեկոն
26.10.2025
Գյումրու դրամատիկական թատրոնում նախօրեին տեղի է ունեցել 160-րդ տոնական թատերաշրջանի հոբելյանական երեկոն։
Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավորներ, մշակութային գործիչներ, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր տարբեր մարզերից, մշակութասեր հասարակությունը։
Թատրոնը շքեղ «Արտիստիկ համերգ» շոու-ներկայացումով է հանդես եկել` «Ֆոլկաստիկ բենդի» մասնակցությամբ։
«Գյումրու դրամատիկականը իրական շոու է ցույց տալիս, 160 տարի մեր թատրոնը գյումրեցու մեջ կաթիլ առ կաթիլ մշակույթ, արվեստ է սերմանել, որը «լեգիտիմացնում» է Գյումրին մշակութային մայրաքաղաք կոչելը, «լեգիտիմացնում» է հայրաքաղաք կոչելը, և ինչու ոչ, «լեգիտիմացնում» է մեր գլուխգովանությունը։ Ինձ համար հպարտություն է կանգնել այս բեմին` իմանալով ինչ մեծություններ են այստեղ հանդես եկել և զգացմունքների, հպարտության այս հրավառության մեջ ուզում եմ բոլորին ասել` իսկական Գյումրին այստեղ է, իսկական ու իրական գյումրեցին այստեղ է, այլ տեսակ չկա» ,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Շիրակի մարզպետը պատվոգրեր է հանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավարին, տնօրենին և մի շարք աշխատակիցների` 160-րդ թատերաշրջանի բացման, ստեղծագործական նվիումի, թատերական արվեստի հանրահռչակման և ներդրած նշանակալի ավանդի համար։


























