Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի ակտիվ երիտասարդների հետ
29.10.2025
Պաշտոնական ֆորմատն անմիջական կդարձնենք, եթե աթոռների դիրքը փոխենք ու նույն հարթության մեջ շարունակենք զրույցը,- այսպես է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպումը մեկնարկել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի ակտիվ երիտասարդների հետ, որոնց հրավերով մարզպետն այսօր այցելել է կենտրոն։
Գործադիր տնօրեն Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել պայմաններին, այնուհետև մասնակցել «Առաջնորդության կոնցեպցիան 21-րդ դարի արագ փոփոխվող պայմաններում» թեմայով ոչ ֆորմալ բանախոսությանը։ Բաց քննարկման ընթացքում Դավիթ Առուշանյանը երիտասարդների հետ կիսվել է փորձառությամբ, գիտելիքներով, ներկայացրել անցած ճանապարհը, մարզի զարգացման տեսլականի մասին խոսել
և օգտակար խորհուրդներ տվել նրանց։
«Շատ ուրախ եմ, որ պաշտոնական հանդիպումներից դուրս այսպիսի հանդիպման եմ մասնակցում, երիտասարդների հետ հանդիպելն ինձ համար առանձնակի կարևոր է։ Դուք առանձնանում եք կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, կոնկրետ նպատակներ դնելու և դրանց հասնելու ունակությամբ, ձեզ հետ հանդիպումներն ինձ մոտիվացնում են։ Մոտիվացիան ինձ համար կարևոր է եղել ցանկացած աշխատանքում, քանի որ ցանկացած աշխատանքում ես չեմ ուզել հերթականը լինել, ձգտել եմ լավագույնին, սակայն սա չի նշանակում, որ փառասիրությունից դրդված եմ փորձել դա անել, այլև ինձ համար լավագույնը լինել նշանակում է շատ աշխատել, լավն անել մարդկանց համար, լինել օբյեկտիվ, գնալ բարեփոխումների ճանապարհով։ Բարեփոխումների ձգտելն ինչքան էլ դժվար է ու երբեմն էլ ցավոտ է, բայց դրանք անչափ կարևոր են, «ռեֆորմ» ասվածը միշտ տարբեր կերպ է ընկալվում հասարակության մեջ, սակայն ես վստահ եմ` կամք պետք է ունենալ և առաջ գնալ հանուն այն գաղափարի, որ մեր բնակիչների կյանքի որակը փոխենք դեպի դրականը ինչքան կարող ենք»,- նշել է մարզպետը։
Դավիթ Առուշանյանը հաջողության կարևոր գրավական համարել է նվիրված աշխատանքը, իսկ արժեքների մեջ ամենակարևորներից՝ վստահությունը՝ ընդգծելով, որ այն և պարտավորեցնում է, և մղում է դեպի լավագույնը։
«Ես մարզպետ նշանակվելուց հետո պարտավորություն եմ համարել անել հնարավորը մարզում դրական դինամիկա ապահովելու համար, ինձ համար մարզում չկա իմ գործառույթներից ու լիազորություններից դուրս հարց ու խնդիր, ցանկացած հոգս մերն է, դրանք լուծելն իմ պարտականությունն է ու պատասխանատվությունը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ օբյեկտիվ ու անաչառ է մոտեցումներում, որքան էլ դժվար լինի աշխատել մի մարզում, որի բնակչության գերակշիռ մասին ճանաչում է ու շփվում նրանց հետ։
Անմիջական ու անկաշկանդ հանդիպման ժամանակ մարզպետը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց մտքերն ու մտահոգությունները, ծավալվել է ջերմ երկխոսություն։












