Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է Վահրամաբերդի «Լուսե» մսուր-մանկապարտեզի բացմանը
03.11.2025
Այսօր հանդիսավորությամբ բացվել է Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Լուսե» մսուր-մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանը, Արտուշ Հովհաննիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուներ, հյուրեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն օրվա առթիվ շնորհավորել է վահրամաբերդցիներին՝ ընդգծելով, որ երկար սպասված առիթն է բոլորին միավորել, իսկ մանկապարտեզի բացումը մարզպետն աշխատանքային օրերի մեջ բովանդակալիցներից է համարել։
«Ինձ համար անչափ ուրախալի է մասնակցել այս միջոցառմանը, վերջին շրջանում մի շարք մանկապարտեզների բացման ենք մասնակցել Ախուրյանի տարբեր բնակավայրերում։ Իմ կարծիքով յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատանքի լավագույն արդյունքն այս օրերն են, երբ կարողանում ենք մեր երեխաներին պարգևել այն, ինչին իրենք արժանի են։ Նորակառույց մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելու են այն երեխաները, որոնք կառուցելու են մեր վաղվա Հայաստանը, որն ավելի լավն է լինելու»,- նշել է Շիրակի մարզպետը։
Վահրամաբերդ բնակավայրի «Լուսե» մսուր-մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, երկու փուլով ընթացած շինաշխատանքների արժեքը կազմել է շուրջ 97 մլն դրամ, ևս մեկ սուբվենցիոն ծրագրով բակն է բարեկարգվել՝ 17 միլիոն դրամի շրջանակներում: Գումարի 70 տոկոսը Կառավարությունն է հատկացրել, 30-ը՝ համայնքը: 400 քմ ընդհարնուր մակերեսով մանկապարտեզը նախատեսված է 2 խմբի համար։ Կառավարության հատկացված միջոցներով մանկապարտեզը նաև կահավորվել է, ապահովվել նորագույն գույքով ու նյութատեխնիկական բազայով։




















