Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը եղել է Ախուրյան համայնքի Ոսկեհասկ, Հայկավան, Առափի բնակավայրերում

05.11.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում, այսօր եղել է Ախուրյան համայնքի 3 բնակավայրերում՝ Ոսկեհասկում, Հայկավանում, Առափիում։
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ սկզբում այցելել է Ոսկեհասկ բնակավայր։
Ոսկեհասկցիները մարզպետի հետ զրույցում խոսել են գյուղի հողերի միավորման անհրաժեշտությունից, գազաֆիկացման կարևորությունից, գյուղտեխնիկայի ձեռքբերման տարբերակներով հետաքրքրվել։
«Մեր այցելությունների հիմնական նպատակը ձեզ հետ անմիջական շփումներն ու տեղում խնդիրներին ծանոթանալն է, ձեզանից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել ձեր մտահոգություններն ու հոգսերը։ Ցանկացած խնդիր լուծելի է, եթե կա համատեղ աշխատանք։ Կառավարությունը վերջին տարիներին անում է հնարավորը, որպեսզի աջակցի համայնքներին՝ տասնամյակներով չլուծված խնդիրներին լուծում տալու հարցում։ Այդ նպատակով են իրականացվում սուբվենցիոն ծրագրերը, որոնք Կառավարություն-համայնք համագործակցության լավագույն արդյունքներն են։ Մենք պատրաստ ենք ջանք ու եռանդ չխնայել, որ մեր մարզի բնակիչների կյանքի որակը դրական առումով փոխվի, դրա համար կա կամք, կա պատրաստակամություն և վճռականություն»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը այցելել են Ոսկեհասկի նոր կառուցվող մարզահամալիրում։ 600 քառակուսի մետր տարածքով սպորտային նոր կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից: Մարզադպրոցը կառուցվել է համայնքապետարանի, արտերկրում և Ոսկեհասկում ապրող ոսկեհասկցի երիտասարդների ջանքերով:
Դավիթ Առուշանյանը եղել է նաև Ոսկեհասկի դպրոցում, հանդիպել հանրույթին, հետաքրքրվել անելիքներով ու առաջիկա ծրագրերով՝ կարևորելով կամավոր ատեստավորմանը մասնակցելն ու արդյունքում աշխատավարձրերի բարձրացումը։
Պատասխանատուների հաջորդ կանգառը եղել է Հայկավան բնակավայրում, որտեղ բնակիչները մարզպետի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել են դպրոցի վերանորոգման ընթացքով, կարևորել դպրոցի գազաֆիկացումը, մարզպետին դիմել մի շարք անձնական հարցերով։ Դավիթ Առուշանյանը լսել է բոլորի մտահգություններն ու քննարկել բարձրացրած հարցերի լուծման հնարավոր տարբերակները։
Մարզպետը հետևել է նաև բնակավայրի դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին, այդ նպատակին պետությունը հատկացրել է 263 մլն դրամ՝ կարևորելով աշխատանքներում թերացումների բացառումը։
Այնուհետև պատասխանատուները դիտարկել են բնակավայրում նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի շինաշխատանքների ընթացքը։ Խաղահրապարակը կառուցվում է «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակում՝ հայկավանցիների նախընտրությամբ։
Նշենք, որ մասնակցային բյուջետավորում ծրագրի հաջող անցկացման արդյունքում մինչև տարեվերջ Ախուրյան համայնքի 4 բնակավայրերը՝ Ջրառատը, Արևիկը, Հայկավանը և Առափին կունենան նորակառույց ժամանցի և մարզական կենտրոններ:
Առափիում ևս մարզպետն ու պատասխանատուները հանդիպել ու զրուցել ենբնակիչների հետ։ Դավիթ Առուշանյանը լսել է բոլորին, քննարկել բարձրացված հարցերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 10:35:37