Նորություններ
Շիրակի մարզպետը եղել է Աշոցք համայնքի մի շարք բնակավայրերում՝ Սարագյուղում, Բավրայում, Սիզավետում, Թավշուտում, Ղազանչիում, Մեծ Սեպասարում, Փոքր Սեպասարում, Աշոցքում
07.11.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում, այսօր եղել է Աշոցք համայնքի մի շարք բնակավայրերում՝ Սարագյուղում, Բավրայում, Սիզավետում, Թավշուտում, Ղազանչիում, Մեծ Սեպասարում, Փոքր Սեպասարում, Աշոցքում։
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Դավիթ Առուշանյանը համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Աշոցք համայնքի ամենաբարձր բնակավայրից՝ Սարագյուղից է սկսել համայնքային այցելությունը։ Ջավախքի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Աչքասարի ստորոտին գտնվող Սարագյուղը ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա է գտնվում: Բնակիչները մարզպետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց հոգսերն ու մտահոգությունները՝ կարևորելով տրանսպորտի աշխատանքի բարելավումը, կաթի մթերման հետ կապված հարցերը, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել այցելության ու անմիջական զրույցի համար։
«Այցելություններն ինքնանպատակ չեն, ձեզ հետ անմիջական շփումներն ամենապարտավորեցնողն ու ինձ մոտիվացնողն են, քանի որ կարողանում եմ աչքով տեսնել առկա խնդիրներն ու տեղում քննարկել լուծման տարբերակները։ Կառավարությունը ջանք չի խնայում համայքններում տարիներ շարունակ կուտակված խնդիրները լուծելու համար, այդ նպատակով են իրականացվում սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում ձեր բնակավայրում կառուցվել է գազի ներքին ցանցը, ջրագծեր են վերանորոգվել, սալարկվել՝ ճանապարհները։ Աշխատանքները շարունակական են լինելու, մենք լիազորությունների շրջանակում պատրաստ ենք անել հնարավորը կյանքի որակի բարելավման համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Մարզպետն այցելել է նաև Սարագյուղի դպրոց, հանդիպել հանրույթին, քննարկել առաջիկա անելիքներն ու պատասխանել հետաքրքրող հարցերին։
Պատասխանատուների հաջորդ կանգառը եղել է Բավրայում, մարզպետն այստեղ և հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, քննարկվել են բնակավայրի գազաֆիկացման գործընթացի՝ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքների ավարտին վերաբերող հարցեր։ Այնուհետև Դավիթ Առուշանյանն այցելել է բնակավայրի դպրոց, հանդիպել ուսուցիչներին, քննարկվել են բնակավայրի նոր կրթահամալիրի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր։ Բավրայի նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024-ին։ Այդ նպատակին Կառավարությունը նախատեսել է 1 մլրդ 391 մլն 458 հազար դրամ։
Համայնքային այցելության շրջանակում, մարզպետը եղել է նաև Սիզավետ բնակավայրում, որը Գյումրիից 44 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ բնակիչները մարզպետի հետ անմիջական զրույցի ընթացքում անդրադարձել են ճանապարհների բարեկարգմանը, խոսել անձնական խնդիրներից, հետաքրքրվել՝ պետական աջակցության ծրագրերով։
«Ինձ համար շատ կարևոր է, որ մեր գյուղական բնակավայրերում պետական աջակցության ծրագրերից և պատշաճ տեղեկացված լինեն, և կարողանան օգտվել, քանի որ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հնարավորություն են տալիս մեր գյուղացիական տնտեսություններին զարգացնել անասնապահությունը, բուսբուծությունն ու գյուղատնտեսության մի շարք բնագավառներ, այս առումով եղեք նախաձեռնող, իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի ձեզ օգնենք»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Թավշուտ բնակավայրում, մարզպետն ու համայնքի ղեկավարը հանդիպել են թավշուտցիների հետ, զրուցել հետաքրքրող հարցերի շուրջ։
Մտահոգությունների, հետաքրքրող ու լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերի մասին մարզպետի հետ խոսել են նաև Ղազանչիի բնակիչները։ Նրանք գոհունակությամբ փաստել են, որ Կառավարությունը նախատեսում է բնակավայրում մանկապարտեզ կառուցել, ինչի վերաբերյալ մարզպետը նշել է, որ 75 տեղ հզորությամբ նախադպրոցական հաստատությունը կառուցվելու է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, այդ նպատակին Կառավարությունը նախատեսել է 288 մլն 960 հազար դրամ։
Հաջորդ հանդիպումները տեղի են ունեցել Մեծ Սեպասար և Փոքր Սեպասար բնակավայրերում, որտեղ ևս ծավալվել է հարցուպատասխան, մարզպետը լսել է բնակիչներին հետքարքրող հարցերը, տվել պատասխաններ՝ խոստանալով հետամուտ լինել դրանց լուծման հարցում։
Աշխատանքային օրվա վերջին հանդիպումը եղել է Աշոցքում․ բնակիների հետ մարզպետը խոսել է արդեն իրականացված ծրագրերից, առաջիկա անելիքներց՝ նշելով, որ վերջին տարիներին Աշոցքում տեղի ունեցող փոփոխություններն ակնառու են, կառուցվել են ջրագծեր ու ճանապարհներ, նորոգվել՝ ենթակառուցվածքներ, անցկացվել են լուսավորության համակարգեր, ընթացքի մեջ են մի շարք կրթական հաստատությունների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքները։
«Անելիքներ դեռ շատ կան, բոլորս դա գիտենք, սակայն արված աշխատանքն էլ քիչ չէ, անցած մի քանի տարիների ամփոփիչ թվերին երբ նայում ենք՝ արդեն հստակ է՝ իրականացվել են բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր ու կապիտալ շինարարություն»,- զրույցի ժամանակ փաստել է Դավիթ Առուշանյանը՝ խոստանալով անել հնարավորը բարձրացված հարցերի լուծման տարբերակներ ուղենշելու, գտնելու և քայլ-քայլ առաջ շարժվելու առումով։
- Սարագյուղ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 97 մլն 407 հազար 953 դրամ
- Բավրա
Սուբվենցիոն ծրագրերով՝ 97 մլն 336 հազար 732 դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 1 մլրդ 391 մլն 458 հազար դրամ
- Սիզավետ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 93 մլն 993 հազար դրամ
- Թավշուտ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 234 մլն 938 հազար 527 դրամ
- Ղազանչի
Սուբվենցիոն ծրագրերով՝ 69 մլն 13 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 288 մլն 960 հազար դրամ
- Մեծ Սեպասար
Սուբվենցիոն ծրագրերով՝ 82 մլն 822 հազար 998 դրամ
- Փոքր Սեպասար
Սուբվենցիոն ծրագրերով՝ 39 մլն 932 հազար 928 դրամ
- Աշոցք
Սուբվենցիոն ծրագրերով՝ 642 մլն 975 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 98 մլն 680 հազար դրամ
#Սարագյուղ
#Բավրա
#Սիզավետ
#Թավշուտ
#Ղազանչի
#Մեծ_Սեպասար
#Փոքր_Սեպասար
#Աշոցք


































