Նորություններ
Տեղի է ունեցել «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» խորագրով կլոր սեղան-քննարկում
08.11.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Հայաստանում ԵՄ
պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այսօր ներկա է գտնվել Գյումրիում տեղի ունեցած «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է նոյեմբերի 8-15-ը Հայաստանում հայտարարված Մեդիագրագիտության շաբաթի շրջանակներում` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հանրային լրագրության ակումբի ջանքերով։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, նշել, որ կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը և անդրադարձել արդի ժամանակներում մեդիայի դերին ` թե արտաքին, թե ներքին քաղաքականության իրականացման, տարատեսակ տեղեկատվական հոսքերի ճիշտ ներկայացման առումով։
«Այսօր կարևոր միջոցառման ենք մասնակցում։ Ես շատ եմ կարևորում մեդիագրագիտությունը, մեդիա բնագավառի ներկայացուցիչների պատրաստվածությունը։
Հաճախ եմ շփվում լրագրողների հետ, շփվել եմ տարբեր ժամանակներում, տարբեր աշխատանքների բերումով, միանշանակ կարող եմ ասել, որ մեր մարզի լրագրողները միշտ աչքի են ընկել գրագիտությամբ ու օբյեկտիվությամբ։ Բոլորս էլ գիտենք, որ մեդիա բնագավառում արհեստավարժ լինել ոչ բոլորի մոտ է ստացվում։ Շատ վատ է, որ այս բնագավառի շատ ներկայացուցիչներ տեղեկատվության տարածման հարցում չեն կարևորում այն հանգամանքը, որ իրենց գրածը կարդալու է ողջ աշխարհը։ Այսօրինակ միջոցառումները շատ կարևոր են, քանի որ դրանք բերելու են այն ցանկալի արդյունքին ու հանգրվանին, որին ձգտում ենք մենք` հարգել խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, լինել օբյեկտիվ ու ցանկացած խնդիր լուսաբանել բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելով»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև դեսպան Մարագոսը` ընդգծելով մեդիագրագիտության կարևորությունը ժողովրդավարության կայացման գործում։
Քննարկումն ուղղված է եղել լրագրողների, մեդիա աշխատողների, քաղաքացիական
հասարակության, համայնքային կառույցների ներկայացուցիչների, ուսանողների և
երիտասարդների գիտելիքների ամրապնդմանը՝ համայնքային պատմությունների
ներկայացման, թվային հարթակների արդյունավետ օգտագործման և ներառական
մեդիա պատմությունների ստեղծման ուղղություններով։
Բանախոսները անդրադարձել են թվային գործիքներով
համայնքային պատմությունների ներկայացմանը՝ քննարկելով, թե ինչպես պատմել
համայնքային պատմություններն ու բարձրացնել բազմազան ձայների
տեսանելիությունը թվային հարթակներում։ Անդրադարձ է կատարվել նաև մեդիա
բովանդակությունում բազմազանության հարցին՝ ինչպես ապահովել
բազմազանություն, հավասար տեսանելիություն և ներառական մոտեցումներ մեդիա
բովանդակություն ստեղծելիս։














