Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը համայնքային այցելությունների շրջանակում եղել է Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Հառիճ և Նահապետավան բնակավայրերում

10.11.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում, այսօր եղել է Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում՝ Մեծ Մանթաշում, Փոքր Մանթաշում, Սարալանջում, Հառիճում և Նահապետավանում։
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Դավիթ Առուշանյանը համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուների հետ սկզբում այցելել է Մեծ Մանթաշ։ Գյուղի բնակիչների հետ հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանով։ Մարզպետը լսել է բարձրացված հարցերը, քննարկել դրանց լուծման տարբերակներն ու ներկայացրել Կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցից օգտվելը, ըստ Դավիթ Առուշանյանի, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանն ու բնակիչների կայուն եկամուտների ավելացմանը։
Բնակիչները փաստել են՝ վերջին տարիներին համայնքում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր՝ ճանապարհների վերանորոգում, գազամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի արդիականացում։ Չնայած սոցիալական դժվարություններին, Մեծ Մանթաշը շարունակում է զարգանալ՝ պահպանելով Շիրակի գյուղական ավանդույթները։
Դավիթ Առուշանյանն էլ ընդգծել է ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերի շարունակականության կարևորությունը՝ նշելով, որ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում բավական լուրջ ներդրումներ են կատարվել բնակավայրում։
«Ուրախալի է արձանագրել, որ 2019-ից մինչ օրս բնակավայրում միայն սուբվենցիոն ծրագրերով 213 մլն-ից ավելի ներդրում է կատարվել՝ կառուցվել են խմելու ջրագծեր, գազատարի ներքին ցանց, ներհամայնքային ճանապարհներ են սալապատվել, գիշերային լուսավորման ցանց է անցկացվել։ Արված աշխատանքը բավական շատ է, սակայն անելիքներն էլ քիչ չեն, հենց դրա համար ենք մենք այցելում համայնքներ, լինում բոլոր բնակավայրերում։ Նպատակը մեկն է՝ անմիջական հանդիպումների ընթացքում լսել ձեր մտահոգությունները, նախանշել առաջնահերթությունները, ուղենշել լուծման տարբերակներն ու քայլ-քայլ առաջ գնալ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Այնուհետև պատասխանատուները հանդիպել են Փոքր Մանթաշի բնակիչներին։ Հացահատիկի, կարտոֆիլի և բանջարեղենի մշակմամբ զբաղվող մանթաշցիները մարզպետի հետ կիսվել են մտահոգություններով, կարևորել հեղեղատարների մաքրումն ու գյուղամիջով անցնող ճանապարհների կահավորումը, մասնավորապես ճանապարհային նշանների թարմացումը, ինչպես նաև բարձրացրել են խմելու ջրագծերի նորոգմանն ու գազատարի ներքին ցանցի կառուցմանն առնչվող հարցեր։ Ջրագծերի և գազատարի կառուցման առումով համայնքն արդեն սուբվենցոին ծրագրեր է ներկայացրել Կառավարություն և համատեղ ներդրմամբ խնդիրները կլուծվեն։
Մարզպետը հետևել է նաև Փոքր Մանթաշի դպրոցի կառուցման աշխատանքներին։ 2024-ից մեկնարկած դպրոցաշինական այս ծրագրի արժեքը 1 մլրդ 941 մլն 960 հազար դրամ է։ Շինարարի հետ զրույցում Դավիթ Առուշանյանը կարևորել է աշխատանքները որակով ու առանց թերացումների իրականացնելը՝ ընդգծելով նաև ժամկետներում տեղավորվելու անհրաժեշտությունը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը եղել են Սարալանջ բնակավայրում ևս։ Բնակիչների հիմնական զբաղմունքն այստեղ գյուղատնտեսությունն է՝ հացահատիկի, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությունը, ինչպես նաև անասնապահություն։
Մարզպետը եղել է բնակավայրի մշակույթի տանը, որը վերանորոգվում է սուբվենցիոն ծրագրով, ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, երկրորդ փուլի արժեքը 25 մլն դրամ է։
Հաջորդ կանգառը եղել է Նահապետավան բնակավայրում, հանդիպել բնակիչների հետ, լսել բարձրացրած հարցերը, որոնք վերաբերել են խմելու ջրի ավազանի թարմացմանն ու խմոցների տեղադրմանը։ Բնակիչները միևնույն ժամանակ գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին բարելավվել են ներհամայնքային ճանապարհները, անցկացվել է լուսավորության համակարգ։
Լուսավորության ցանցի կառուցման և ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքներ այս տարի իրականացվել են նաև Հառիճ բնակավայրում, որտեղ եղել է մարզպետի հաջորդ հանդիպումը։
Բնակիչների հետ անմիջական ու ջերմ զրույցի ժամանակ Դավիթ Առուշանյանը նշել է, որ պատրաստ է անել հնարավորը, որպեսզի Շիրակի մարզի յուրաքանչյուր բնակավայրում կյանքի որակը փոխվի դեպի դրականն ու խնդիրները լուծվեն ըստ առաջնահերթության։
Բոլոր բնակավայրերում մարզպետն ու համայնքի ղեկավարը հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ։
Մեծ Մանթաշ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 213 մլն 489 հազար 283 դրամ
Փոքր Մանթաշ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 146 մլն 66 հազար 406 դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 1 մլրդ 941 մլն 960 հազար դրամ, 13 մլն 440 հազար դրամ
Սարալանջ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 209 մլն 96 հազար 220 դրամ
Նահապետավան
Սուբվենցիոն ծրագրերով՝ 206 մլն 23 հազար 381 դրամ
Հառիճ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 93 մլն 342 հազար 779 դրամ
#Մեծ_Մանթաշ
#Փոքր_Մանթաշ
#Սարալանջ
#Նահապետավան
#Հառիճ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 15:39:58