Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը
18.11.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը մարզպետի տեղակալների, ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության մեկնարկին քննարկվել են նախորդ գործակարգավարական խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցեր։
Այնուհետև անդրադարձ է կատարվել իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, մասնավորապես դպրոցաշինական ծրագրերին։ Մարզում այժմ ընթացքի մեջ են 27 դպրոցների վերանորոգման աշխատանքները։ Մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, դրանցում արձանագրված բացթուղմների վերացմանն ու ժամկետներում տեղավորվելուն առնչվող հարցեր։
«Տարին մոտենում է ավարտին և մեր բոլորի անելիքն արդեն մեկնարկած աշխատանքները պատշաճ ավարտելն է, դրանց նկատմամբ վերահսկողությունն առավել հաճախակիացնելը։ Խոսքը հատկապես դպրոցներին է վերաբերում, մենք խնդիր ունենք վերանորոգման աշխատանքներն օր առաջ ավարտելու, որպեսզի մեր մանկավարժներն ու դպրոցականները կարողանան տեղափոխվել իրենց դպրոցներ, իհարկե հապճեպությունն ամենևին չպետք է իրականացվի որակի հաշվին, իմ մոտեցումները կարմիր գծերի առումով չեն փոխվել՝ պետական միջոցները պետք է ծախսել նպատակային, չհիմնավորված որևէ քայլ ու բացթողում չի ընդունվելու»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև սուբվենցիոն ծրագրերին, դրանց իրականացման ընթացքին ու վերահսկողությանը վերաբերող հարցեր։ Մարզպետին զեկուցվել է, որ այս պահին մարզում ընթացքի մեջ է 19 ծրագիր՝ հինգ տասնյակից ավելի ենթածրագրերով, ընդհանուր 2,2 մլրդ դրամի աշխատանք, որից 1,3 մլրդ դրամը Կառավարությունն է փոխհատուցելու։ 2025-ին հաստատվել է շուրջ 7,8 մլրդ դրամի ծրագիր։
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին՝ ընդգծելով հավաքագրման ցուցանիշների փոփոխության անհրաժեշությունը։ Նոյեմբերի 1-ի դրությմաբ համայքնները հարկերն հավաքագրել են 80,9 տոկոսով։
«Հաշված օրեր են մնում, որ ֆինանսական տարին ամփոփենք, պետք է անել հնարավորը ցուցանիշները կտրուկ փոխելու համար։ Մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն այս առումով անելիք ունեն, պետք է համայնքերի հետ համատեղ աշխատենք, որպեսզի 2025-ի դրական դինամիկան պահպանենք ու տարին փակենք ցանկալի ցուցանիշներով։ Կարիք չկա կրկնելու, որ եկամուտների հավաքագրումը համայնքների համար է և հավաքած յուրաքանչյուր դրամն ուղղվելու է հոգսերի թեթևացմանը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են նաև կրթական, առողջապահական, փաստաթղթաշրջանառությանն ու ներքին կարգապահության ապահովմանն առնչվող հարցեր։












